Շուրջ մեկ ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզում սկսվել եւ շարունակվում է զոհված զինծառայողների ընտանիքներին  պետության կողմից տրամադրվող փոխհատուցման գործընթացը։ Առայժմ պետության կողմից փոխհատուցում տրամադրվում է մահվան վկայական ստացած եւ փաստացի հուղարկավորված զինծառայողների ընտանիքներին։

Ըստ գործող կարգի՝ Գեղարքունիքի մարզպետարանը համայնքապետարանների միջոցով հավաքագրում է զոհված եւ հուղարկավորված զինծառայողների ընտանիքների տվյալները եւ օրենքով սահմանված ժամկետներում դրանք ներկայացնում ՀՀ Պաշտպանության նախարարություն, որի միջոցով էլ կատարվում է վճարումը համապատասխան անձանց։

Բացի այդ, Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով զոհված զինծառայողների ընտանիքներին բաշխվում են սոցիալական երաշխիքների տրամադրման մասին տեղեկանքները։  §Սահմանված կարգի համաձայն՝ զոհված սպաների ընտանիքներին տրամադրվում է 82 միլիոն, ժամկետային զինծառայողների ընտանիքներին՝ 58 միլիոն, պահեստազորայինների ընտանիքներին՝ 70 միլիոն դրամ։

Ընդ որում, սահմաված գումարն ընտանիքի անդամներին կանխիկ ձեւով տրամադրվում է տաս միլիոն դրամի չափով, իսկ մնացածը մարվում է քսան տարվա ընթացքում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մարզի տարբեր համայնքների որոշ ընտանիքներ արդեն ստացել են փոխհատուցման գումարները։

«Պետության կողմից զոհված զինծառայողների ընտանիքների փոխհատուցման տրամադրման աշխատանքներն ընթանում են մարզի բոլոր տարածաշրջանների համայնքներում։ Պետական աջակցություն տրամադրվում է նաեւ վիրավոր զինծառայողներին, ինչպես նաեւ մարտական գործողությունների մասնակցած պահեստազորայիններին»,- հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սեւակ Դվոյանը: