Նիկոլ Փաշինյանն այսօր զարմացել է, լրագրողին հարցրել է՝ ես ընտրություն չեմ կեղծել, ընդդիմությունն ինչո՞ւ է իմ հրաժարականը պահանջում։ Նիկոլ, գուցե դու ընտրություն չես կեղծել, դա դեռ պետք է պարզել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկնարկած «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Նիկոլ դու իսկապես չե՞ս հասկանում, թե ինչ ես արել։ Չէ, Նիկոլ, գուցե ընտրություն չես կեղծել, կամ դեռ չես կեղծել։ Նիկոլ, դու Արցախն ես ծախել, դու Արցախը ծնկի ես բերել քեզ ամեն օր ծաղրող Ալիեւի ու Էրդողանի առաջ։ Նիկոլ, դու գիտես ի՞նչ ես արել, 5000 օջախ ես մարել, 10 000 եւ ավելի հայ զինվորներին, մեր ամենապայծառ տղաներին խեղել ես, Նիկոլ»,- հայտարարեց ԲՀԿ-կան պատգամավորը։

Զոհրաբյանը վարչապետին խորհուրդ տվեց նայել հայելու մեջ եւ այդ բոլոր հարցերն ուղղել ինքն իրեն։

«Նիկոլ, դու Հայաստանը կանգնեցրել ես պետականության կորստի առաջ։ Նիկոլ, Հայաստանն ու Արցախը պետք է փրկել քեզնից, եւ այլեւս ջրբաժանը հստակ է։ Բոլոր նրանք, ովքեր այս կամ այն պատճառաբանությամբ այստեղ չեն, բոլոր նրանք, ովքեր այս կամ այն պատճառաբանությամբ փորձելու են սատարել հողատու դավաճանին, ուրեմն նրանք ջրբաժանի այն կողմում են, ուրեմն նրանք Նիկոլ Փաշինյանի կիրթ ընկեր Ալիեւի համախոհներն են։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանում եւ Արցախում Ալիեւը համախոհներ չունենա»,- ընդգծեց  Զոհրաբյանը, ապա երթի մասնակիցների հետ միասին վանկարկեց՝ «Նիկոլ, դավաճան»։

«Դու բոլորիս փայփայած հայրենիքը ծախել ես թուրքին, դու Շուշին ես հանձնել, որը քեզ համար դժգույն էր, իսկ մեզ համար աշխարհի ամենակոլորիտային քաղաքը։ Նիկոլ, դու եւ քո համախոհները «Եռաբլուրը» 3-4 անգամ մեծացրել եք, եւ հիմա ուզո՞ւմ ես գնալ «Եռաբլուր»։ Գնում ես ի՞նչ անես, գնում ես նշե՞ս  քո եղեռնագործության 40 օրը, Նիկոլ»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։