Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ խաղաղապահ զորքերը ներգրաված են Արցախի կենսաապահովման գրեթե բոլոր ուղղություններով՝ անվտանգությունից հումանիտար աջակցություն, ապա այս պայմաններում հանրային կապերի ապահովումը առավել կարևոր բնույթ է ստանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրհամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղապահ զորքերի ծառայությունը լուսաբանվում է ինչպես ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքով, այնպես էլ՝ առանձին տելեգրամի ալիքով։

Այս պարագայում նախընտրելի կլիներ առանձին մամուլի պատասխանատուի հաստիքի ներդրումը, ինչը հնարավորություն կտա ԶԼՄ-ներին ռուսական զորախմբի հետ արդյունավետ հաղորդակցություն ապահովել։

Երկրորդ, նույն նպատակով, ռուսական կողմից կարևոր քայլ կլինի նաև թեժ գծի ներդրումը, ինչը հնարավորություն կտա արցախցիների հետ ուղիղ կապի հաստատմանն ու տարբեր բարդ իրադրության պայմաններում արագ արձագանքման ապահովմանը։