Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հոկտեմբերի 6-ին, 11-ին ու 13-ին, ինչպես և նոյեմբերի 29-ին տերմինալների գողությունների վերաբերյալ ահազանգեր են հնչել։ Հափշտակվել էին տարբեր ընկերությունների պատկանող ու տարբեր վայրերում տեղադրված վճարային տերմինալներ, որոնք Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են վնասված ու թալանված։

«Դեպքերի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործեր հարուցվեցին։ Բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներից բաղկացած խմբերն ուժեղացրին գիշերային հսկողությունը։ Կանխարգելիչ միջոցառումներից զատ քրեական հետախույզներն իրականացրին նաև օպերատիվ միջոցառումներ։ Նրանք նախ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունները կատարել են նույն անձինք, ապա պարզեցին կասկածվողների ինքնությունը։ Էջմիածնի բնակիչ, 33-ամյա և Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 35-ամյա տղամարդկանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ քրեական հետախույզներն իրականացրին նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում 35-ամյա տղամարդը դեկտեմբերի 11-ին, իսկ մյուսը՝ դեկտեմբերի 14-ին, ներկայացան նախաքննական մարմնին։ Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: