17 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի երազանքը կատարվել է։ «Օդից՝ ախռանա է կպել», մամուլում էլ անուն ազգանունի կողքը գրվում է վարչապետի թեկնածու։ Ընդամենը։ Բայց Մանուկյան Վազգենն արդեն իրեն իշխանության պարագլուխ է համարում, նախկինների ու ներկաների ոճով հարցազրույցներ տալիս՝ թեյի սեղանի շուրջ, հավաքում մտավորականներին քննարկում հարցեր։ Այսօր էլ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Մանուկյանը հանդիպել է լրատվական որոշ կայքերի խմբագիրների հետ, քննարկել Հայաստանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես այն խնդիրները, որոնք առնչվում են պատերազմին, դրա հետևանքներին, երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամին, շարժման հետագա գործողություններին ու ծրագրերին:

Մանուկյան Վազգենի «ստարտը» վատն է։ Նա խտրական մոտեցում է ցուցաբերել երկրի չորրորդ իշխանության նկատմամբ, որը երբեք լավ բանի չի հանգեցրել:

Պատճառը, թե բոլորի ներկայությունն ապահովել հնարավոր չէր, ապա ընդդիմության կողմից ճգնաժամային կառավարիչ առաջադրված անձը թող լուծումներ գտներ, այլապես լուծում փնտրելու փորձ չանելով ասել, որ հնարավոր չէ, կամ հրավիրել կոնկրետ խմբագիրների, արդեն շատ վատ է: Ի վերջո, Վազգեն Մանուկյանին բերել են, որպեսզի ճգնաժամային հարցեր լուծի, ոչ թե շրջանցի նման փոքր խնդիրը: Իսկ եթե տարբերակ չուներ հավասարություն ապահովելու լրատվամիջոցների միջև, ապա թող դա թողներ խմբագիրների վրա, կորոշեին ու կներկայացնեին հանդիպման ձևաչափը:
Բացի այդ, հարցը նրանում է, որ փորձ է արվում մի քանիսի հանդիպումը վերագրել նաեւ մյուսներին, մինչդեռ ակնհայտ է, որ հավաքվածները չեն կարող արտահայտել ամբողջ լրատվադաշտի տեսակետը, ինչպես Վազգեն Մանուկյանը չի կարող պնդել, որ ինքը ընդդիմության վարչապետի թեկնածուն է։ Նա ընդամենը մի քանի կուսակցության ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ծնված թեկնածուն է, որի վարչապետ դառնալու հավանականությունը այստեղ չենք քննարկի։
Հայրենիքը փրկության կարիք ունի։ Գործող իշխանությունը պետք է հեռանա, այստեղ երկրորդ տարբերակ չկա, բայց պատմության կարճ ժամանակագրությունը ցույց տվեց, որ մերժելով նախկինին՝ հասարակությունն արդեն մեծագույն սխալ արեց։ Շտապողականությունը, էյֆորիան և իշխանության հասնելու մոլուցքը դարձան հայրենիք կորցնելու պատճառ։ Երկրորդ անգամ հասարակությունը սխալվելու իրավունք պարզապես չունի։ Չնայած Վագեն Մանուկյանի պարագան ուրիշ է։ Նա ժողովրդի վարչապետի թեկնածուն չէ։

Irakanum.am