Պարսից ծոցում կոլեկտիվ անվտանգության մասին Ռուսաստանի առաջարկի արդիականությունն աճում է Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է օգնել պայմաններ ստեղծել տարածաշրջանում երկխոսության համար, իր էմիրաթցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կարծում ենք, որ ներկայիս պայմաններում, այդ թվում, հաշվի առնելով իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը եւ ի հեճուկս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին այս ծրագիրն այլ բանով փոխարինելու փորձերը, այս ուղղությամբ ջանքերի հրատապությունն ավելի ու ավելի ծանրակշիռ է դառնում»,- ասել է Լավրովը:

«Մենք հասկանում ենք դժվարությունները, որոնք առկա են այս տարածաշրջանի որոշ արաբական երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ, եւ պատրաստակամություն ենք հայտնում օգնելու պայմաններ ստեղծել երկխոսություն սկսելու համար», — շեշտել է նախարարը:

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն վաղուց է բարձրացնում Պարսից ծոցի գոտում իրավիճակը կարգավորելու անհրաժեշտության հարցը, եւ բոլորովին վերջերս թարմացրել է անվտանգության համապատասխան հայեցակարգն այս տարածաշրջանում: