Եվրամիությունն այսօր 60 միլիոն եվրո (240 միլիոն լարի) արժողությամբ դրամաշնորհ է հատկացրել Վրաստանին` կորոնավիրուսի արդյունքում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը` հղում տալով Վրաստանում ԵՄ պատվիրակությանը:

«Եվրամիությունը շարունակում է վճռականորեն աջակցել Վրաստանին համաճարակի ընթացքում: 240 միլիոն լարի դրամաշնորհը Եվրամիության և Եվրոպական խմբի կողմից այս գարնանը մոբիլիզացված 1,5 միլիարդ լարի դրամաշնորհի մի մասն է, որի նպատակն է աջակցել Վրաստանի կառավարությանը համաճարակի դեմ պայքարում, ինչպես նաև օգնել Վրաստանի քաղաքացիներին հաղթահարել իրենց առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներ»,-ասel է Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը:

«Այս միջոցները 75 միլիոն եվրոյի (մոտ 300 միլիոն լարի) առաջին մասնաբաժինն են, որը նախատեսված է COVID-19-ին Վրաստանի դիմակայելու մասին համաձայնագրով, և որի օգնությամբ Եվրամիությունը կօգնի Վրաստանին իրականացնել իր հակաճգնաժամային տնտեսական ծրագիրը: Ծրագիրն ընդգրկում է գործողություններ, որոնք ուղղված են եկամտի աղբյուրների կորստի բացասական ազդեցության նվազեցմանը, աշխատատեղերի պահպանման խթանմանը, ձեռնարկություններին աջակցելուն և առողջապահական համակարգի ամրապնդմանը»,-ասված է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության հայտարարության մեջ: