Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունն ի գիտություն է ընդունել Նավալնիի երկրորդ թունավորման մասին հաղորդագրությունը և չի մեկնաբանի այն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆֆեն Զայբերտը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դաշնային կառավարությունն ի գիտություն է ընդունել այս հաղորդագրությունը, ես այլևս մեկնաբանություններ չեմ անի»,-ասել է Զայբերտը:

Ավելի վաղ, բրիտանական Sunday Times թերթը, վկայակոչելով գերմանական հատուկ ծառայությունների անանուն աղբյուրներին, գրել էր, որ  Նավալնիին Ռուսաստանում  փորձել են թունավորել նաև երկրորդ անգամ, երբ նա Օմսկում արհեստական կոմայի մեջ էր. հոդվածը հայտնվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Նավալնիի հետ միջադեպի հետաքննության գործում համագործակցության առաջարկի՝ ԳԴՀ-ի կողմից մերժելու մասին մանրամասն բացատրությունից հետո:

Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: