Այս խայտառակ եւ ամոթալի պարտությունը դառնություն է առաջացնում նաեւ այն պատճառով, որ ես գիտեմ, որ դա կարելի էր կանխել, սա կարող էր չլինել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մտավորականների ու մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, այլ միգուցե ավելի ուշ: Բանակցությունները տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք ու մտցրեցինք պատերազմի մեջ: Եթե մենք 2,5 տարի գոնե մի քիչ զբաղվեինք բանակով, ապա պարտություն չէինք ունենա: Վերջում ստորագրվեց անընդունելի, խայտառակ մի պայմանագիր, որը խախտել չենք կարող: Չենք կարող ասել՝ չենք ընդունում, որովհետեւ դրա  հետեւանքների դեմ պայքարելու մեր ուժերն արդեն սպառված են: Եթե մի դրական բան ասենք, համաձայնագիրը գոնե կանգնեցրեց մեր երիտասարդների կորուստը, որոնք հազարներով զոհվեցին:

Ես մեկ-մեկ հարց եմ տալիս՝ այդ համաձայնագիրը համապատասխանո՞ւմ էր այն ռազմական վիճակին, որը կար: Կարծում եմ ոչ: Ես չեմ հասկանում՝ եթե հայտարարված է, որ պատերազմը գնում է Արցախի եւ Ադրբեջանի միջեւ, ինչու այդ պայմանագրի մեջ պետք է հարցեր լինեն կապված Հայաստանի հետ, Մեղրիի ճանապարհի հետ: Ի՞նչ կապ ունի դա, եթե հայտարարված է, որ դա Արցախի ու Ադրբեջանի պատերազմն է»,-ասաց նա: