Մեկ օր ավել այս իշխանությունների պաշտոնավարումը իր հետ բերելու է վիթխարի վատ հետևանքներ: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթին» լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նա շեշտեց, որ իր յուրաքանչյուր ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է ամեն հարցի՝ կորցրած օծանելիքի, ժամացույցի և այլն, բայց որևէ եթերի ժամանակ իր մեջ չգտավ բավարար չափով համարձակություն և տղամարդկություն, որ գեթ մեկ անգամ արձագանքի Իլհամ Ալիևին:

«Ես ցավ եմ ապրում, որ այսօր անձը, ով ներկայացնում է մեր պետությունը, դարձել է միջազգային մամուլի ծաղր ու ծանակի առարկա: Այն անձը, որի արժանապատվութունը, ինքնասիրությունը յուրաքանչյուր օր գետնին է հավասարեցվում միջազգային մամուլի, լրատվամիջոցների եթերում, այդ մարդը բարոյապես իրավունք չունի լինել ՀՀ-ի  և Արցախի անվտանգության երաշխավորը»,- ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր հրաժարականի համար պետք է ժողովրդի հավաստի կամարատահայտությունը, որը հիմա չկա, Տոնոյանն ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանից այլ բան չէր էլ ակնկալում: «Նրան ձեռնտու չէ տեսնել այս մոբիլիզացիան, հանրային այս պահանջը: Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը համախմբված է  և այդ համախմբված օրակարգի թիվ մեկ հարցը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Եթե նրա հրաժարականը պահանջում են քաղաքական կուսակցությունները, մտավորականությունը, կրթական հաստատությունները, մայր բուհը, համայնքները, ի՞նչ է  սա, եթե ոչ համազգային համաժողովրդավարական մոբիլիզացիա: Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է այս օրակարգը նսեմացնել, սակայն նա այս գործընթացում անհաջողության է  մտնվելու»,- շեշտեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից սգո օր հայտարարելուն, Տոնոյանն ասաց, որ իրենք ունեն իրենց օրակարգը. «Մենք նախաձեռնություններ ենք իրականացնելու, սակայն որևէ դեպքում մենք Նիկոլ Փաշինյանի հայտարարած օրակարգի մասնակիցը չենք դառնալու: Լավ կլիներ, որ իշխաության ներկայացուցիչներն այս մեկ ամսվա ընթացքում իրենց պահվածքով հարգեին մեր տղաների, անմեղ զոհերի հիշատակը»,- հայտարարեց նա: