Գեղեցկադեմ, խոշոր աչքերով, բարձրահասակ ու թիկնեղ Արսենի հոգին, մոր խոսքով՝ փխրուն էր։ Տիկին Անժելան որդու կորստյան ցավի հետ չի հաշտվում։ Նրան սփոփողը միայն հպարտությունն է, որ հերոս որդու է դաստիարակել, ով հայրենիքի համար պատրաստ է եղել կյանքը զոհել։

«Ցավս ու հպարտությունս խառնված են, հպարտանում եմ նրանով, որ ես երեխայիս ճիշտ եմ դաստիարակել, հայրենիքն ուներ երեխուս կարիքը, ու ինքը ճիշտ է վարվել, բայց մայրական խիղճն էլ ասում է՝ որդիս, արժե՞ր։ Իմ Արսենով ոչ միայն հիմա եմ հպարտանում, այլ միշտ եմ հպարտացել, նա բարի, կամեցող, նվիրված ու ծնողասեր զավակ էր»,– ասում է տիկին Անժելան։

Համեստ ու զուսպ Արսենը սեփական հաջողությունների մասին չէր սիրում խոսել, անգամ մորը չէր պատմել, որ ամիսներ առաջ Սիսիանում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ կրակայինից առաջին տեղն էր գրավել։ Ավելի ուշ տիկին Անժելան այդ մասին իմացել է հարեւանությամբ ապրող տղաներից մեկից, ով Արսենի հետ է ծառայել։

«Հարցրեցի՝ Արսեն ջան, բա սենց բան է Տիգրանը պատմել, ինչի՞ մեզ չես ասել, ասաց՝ «ի՞նչ ասեմ մամա, հրամանատարն էնքան ուրախացավ», բայց  Տիգրանը պատմել էր,  որ հրամանատարը վազել, գրկել, Արսենին օդ է բարձրացրել, թե՝ Աբրոյան, քեզ պետք է անպայման խրախուսել»,- պատմում է մայրը ու հավելում՝ խրախուսանքը արձակուրդի տեսքով կորոնավիրուսով պայմանավորված՝ չեղարկվեց։

Արսեն Աբրոյանը ծառայում էր Ագարակում։ Տիկին Անժելան ասում է՝ ինքը գիտակցում էր, որ բարձր ցուցանիշներ ունեցող իր որդուն հնարավոր չէ, որ պատերազմ չտանեն։ Հենց այդպես էլ եղավ․ հոկտեմբերի 3-ին նա Ջաբրայիլ էր գնացել։ Մորը երբեւէ չստող Արսենն այդ անգամ ստիպված էր եղել ստել։

«Ինձ ամեն օր զանգում էր, հարցնում էի՝ Արսեն, քո տե՞ղն ես, հմտորեն թաքցնում էր, որ իր տեղն է։ Մի անգամ ասաց, թե մեծ եղբայրը՝ Կարենն ի՞նչ է անում, ասացի՝ օգնում է, զենքեր են բարձում, սնունդ է իր մեքենայով տանում եւ այլն, ասաց՝ հա, թող էդպիսի բաներ անի, բայց հանկարծ Ղարաբաղ չգա, որ ասեն, կասես՝ տնից մի հոգի այնտեղ է, այլայլվեցի, նորից հարցրեցի, թե որտեղ է, ասաց՝ մամա, համարի, որ սա էլ կռվի դաշտ է, Ագարակում եմ, ամեն ինչ խառն է։ Ես հիմա եմ հասկանում՝ մտածել է, որ եթե իրեն մի բան լինի, գոնե եղբայրը ողջ մնա»,- արցունքները չզսպելով ասում է մայրը։

Բարեխիղճ ու կարգապահ զինծառայող էր՝ հիշում է կապիտան Արթուր Ճաղարյանը։  Արսենի քայլը, որ առանց հրամանի, ինքնակամ զենքը վերցրել ու միացել է իրեն, հրամանատարը հերոսություն է համարում։ Ըստ Ճաղարյանի՝ իրենց հնարավորություն էր ընձեռվել մարտական գործողություններին չմասնակցել, բայց սպաները որոշել են՝ կգնան, իսկ  զինվորներին չեն տանի։

«Զինվորներից կամավորներ եղան, որ ասացին՝ չէ, մենք պետք է գանք թե՛ մեր հողի, թե՛ մեր հրամանատարների համար, ու էդ արծիվ տղաներից մեկն էլ Արսենն էր, ով իմ հետեւից եկավ։ Ամեն զինվոր այդպես չէր անի։ Մենք սպաներով ինչո՞ւ էինք որոշել գնալ, որովհետեւ նրանք 18 տարեկան են, իսկ ես՝ 26, ես մտածում եմ, որ այսօր պետք է էդ հողը պահենք, չպահեինք, հաստատ հասնելուն էին մեր ընտանիքներին, իսկ 18 տարեկան ոչ բոլոր զինվորներն են դա հասկանում․ Արսենը մտածել է էդ մասին ու մեր հետ եկել է»,- նռնակաձիգ Արսենի մասին պատմեց կապիտան Ճաղարյանը։

Կապիտանը իր զինվորի զոհվելու մասին իմացել է այն ժամանակ, երբ վիրավոր հոսպիտալում պառկած է եղել։ Ճաղարյանն ու Արսենի մայրը նշում են, որ նա ծառայությունից երբեւէ դժգոհություններ չի ունեցել եւ միշտ աչքի է ընկել իր կարգապահությամբ։

Արսենը մի անգամ մորն ասել է, որ ուզում է զինվորական դառնալ։ Ի դեպ, տանը նրան գեներալ էին ասում՝ իր բարձրահասակ ու թիկնեղ լինելու համար։ Շախմատից ուժեղ Արսենն ուսման հետ այդքան էլ սեր չուներ։ Ընդունակ, բայց  ծույլ աշակերտ էր։ Ուսուցիչները հաճախ են դժգոհել՝ խելացի Արսենը չի սովորում, չի կարդում։ Նա ընդունվել էր քոլեջ, որ ավտոմեխանիկ դառնար։

Արսենն իրենից ավագ քույր ու եղբայր ունի։ Տան փոքրն էր, բայց մոր խոսքով՝ տան մեծին էր նման, աշխատող ու շենացնող։

«Որ զանգում էր, շատ ոգեւորված էր, ասում էր՝ մամ ջան, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ կլինի։ Ջաբրայիլից մի օր զանգեց, չնայած այնպես էր խոսում, որ իր տեղում է, ու  ասաց, որ ծառայության ավարտին 100 օր է մնացել, մեկ օր անց զանգեց,  ասաց՝ մամ ջան, տղերքը սպասում են, ուզում են հերթով խոսել, էս մի հեռախոսն է, վաղը կզանգեմ, երկար կխոսենք»։

Տիկին Անժելան սրտի թրթիռով սպասում էր Արսենի վաղվա զանգին, որն այդպես էլ չեղավ, հոկտեմբերի 10-ին թշնամու արկակոծումից Արսենը զոհվեց։

Արսեն Աբրոյանը հուղարկավորվել է Գեղարքունիքի մարզի հայրենի Վարդենիկ գյուղում։ Նա 2021թ․-ի հունվարի 17-ին զորացրվելու էր։