SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 10-ին, Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի 1-ին հանրակացարանի 6-րդ հարկում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով մահացած 71-ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել նշված հասցեում և նկատվում է ծուխ, ու կան կասկածներ, որ ներսում մարդիկ կան:

Օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ, փրկարար-հոգեբաններ:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, մի խումբ քաղաքացիներ՝ վտանգելով իրենց կյանքը, կրակի ճիրաններից դուրս են բերել 3-ամյա Ալեքս Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր:

Պատշգամբից քաղաքացիները հատուկ պարաններով դուրս են բերել ևս մեկ հոգու, իսկ նույն քաղաքացիներից նշված թաղամասում վարձակալական հիմունքներով բնակվող Կարապետ Սարգսյանը ետ է վերադարձել նշված բնակարան և այնտեղից դուրս բերել Հ. Հարությունյանին, ում բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ով ունեցել է «ծխի թունավորում» ախտորոշում:

Ցավոք, որոշ ժամանակ անց, Հ. Հարությունյանը մահացել է:

Տեղում աշխատել է նաև ԱԻՆ ՓԾ ավտոսանդուղքը:

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասել են. «Կրակը տեսանելի էր մեծ հեռավորությունից: Հրշեջները, բժիշկները և ոստիկանները շատ շուտ են ժամանել, բայց մինչև նրանց ժամանումը մի քանի երիտասարդ՝ վտանգելով իրենց կյանքը, պատշգամբից կարողացել են մտնել տուն և բոլորին դուրս բերել, այդ թվում՝ պատշգամբից, հատուկ պարանների միջոցով:

Հալալ էր էդ տղերքին. բոլորը երիտասարդներ էին ու բոլորն էլ օրեր առաջ էին պատերազմական գոտուց վերադարձել տուն: Էդ մարդկանց կրակի ճիրաններից դուրս բերելու ժամանակ Կարապետը այրվածքներ է ստացել, իսկ ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Մանվել Երեմյանն էլ երևի ծխից կորցրել էր ինքնազգացողությունը: Լավ էր, շտապօգնության աշխատակիցները տեղում բուժօգնություն ցուցաբերեցին նրան: Մի քանի քաղաքացիների էլ թե՝ փրկարարները, թե՝ փրկարար-հոգեբանները հոգեբանական մեծ աջակցություն ցուցաբերեցին»:

Ըստ նախնական տեղեկություների, հրդեհը առաջացել է նավթե վառարանից:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է նախամուտքի և հյուրասենյակի գույքը, ու ննջասենյակի գույքը մասամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: