Վարչապետ Նիկոլ Փաշինյանի չհեռանալու դեպքում մենք համարվելու ենք ստրկամիտ ժողովուրդ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ուջան համայնքի համայնքապետ Նաիրի Կիրակոսյանը, որը նույնպես միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին։

«Զրուցում եմ մարդկանց հետ, տեսնում եմ իրենց տրամադրությունները։ Իհարկե կան մարդիկ, որոնք մոլի երկրպագուներ են, բայց այդպես չի կարելի, ինչ ինքն անի, ուրեմն ճիշտ է»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք ունի՞ անհանգստություն, որ իր դեմ ցույցեր կիրականացվեն, ճնշումներ կլինեն, համայնքապետն ասաց. «Մեկ-մեկ անանուն, ֆեյք մարդիկ անիմաստ մեկնաբանություններ են անում։ 1992 թվականին Շուշիի գրավման մասնակիցն եմ եղել։ Եթե մեկն ասում է՝ դժբախտ ու դժգույն քաղաք է Շուշին, եթե Վեհափառներն իրենց խոսքն են ասում այդ մասին, բայց եթե այդ ամենը լսողները հավատացյա չեն, ապա նրանց գենոֆոնդի մեջ ճաքեր կան։ Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, ուրեմն մենք գենոֆոնդի ճաք կունենանք։ Նրա չհեռանալու դեպքում մենք համարվելու ենք ստրկամիտ ժողովուրդ։ Զրուցում եմ մտավորականների հետ, նրանք էլ են պնդում, որ պիտի հեռանա»։

Նաիրի Կիրակոսյանը պատմեց, որ այս պատերազմին համայնքն ունեցել է մեկ զոհ, մեկ անհետ կորած եւ մի քանի վիրավորներ. «Ունենք մեկ զոհ, մեկ անհետ կորած, մի քանի վիրավորներ։ Զոհը մասնագիտությամբ բժիշկ էր, իսկ անհետ կորածը՝ Արմեն Բեգանյանը, լավ երգում է՝ Կոմիտաս այնքան լավ էր երգում»։

Համայնքապետն ասաց, որ այս պատերազմին նույնպես մասնակցել է. իր համայնքի ջոկատի հրամանատարն է եղել։