Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ինքը Բաքու չի հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք զբաղվում են Ղարաբաղի կարգավորման հարցով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները շաբաթ օրը ժամանել են Բաքու, նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Այստեղ գալը (Բաքու — խմբ.) ձեր գաղափարն էր: Կարող եմ դա ասել եւս մեկ անգամ՝ տեսախցիկների առաջ: Ես Մինսկի խմբին այցելության չեմ հրավիրել: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Գուցե նրանք ինձ ասելու բան ունեն: Եթե ցանկանում եք ասել տեսախցիկների առջեւ, ասեք։ Եթե ոչ՝ ես կխնդրեմ հեռանալ: Լսում եմ ձեզ»,- Ալիեւի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը: