Երկրում անիշխանություն է. գնահատականներում պետք է լինել շատ հստակ. ինչքան էլ որ գործող կառավարության ղեկավարը խոսի ընդդիմության մոտ ժողովրդական աջակցության պակասի մասին, այդ նույն ժողովրդական աջակցությունը ակնհայտորեն բացակայում է նույն իշխանության մոտ։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա փաստ է, որը պետք է ընդունել։ Պետք է հասկանալ նաեւ, որ մենք ունենք ժամանակի խիստ սղություն։ Ես որոշեցի այս ամենը գրել՝ Բաքվում երեկ հնչած հայտարարություններից հետո։

Մեր երկրում պետք է լուծվի իշխանության հարցը։ Այն պետք է լուծեն կա’մ հենց իրենք՝ իշխանությունները, կա’մ միացյալ ընդդիմությունը։ Այն չի լուծելու փողոցը՝ 2018 թվականի նմանությամբ։ Այսօր փոխվել են հասարակական հարաբերությունների ձեւաչափերը եւ դրանք ձեւավորող գործոնները։

Այսպիսով, կա ընդամենը մի քանի ելակետ՝ նոր իշխանության ձեւավորման համար.

Նիկոլ Փաշինյանը հեռանում է վարչապետի պաշտոնից՝ ցանկացած պարագայում, եւ պետական շահը պահանջում է, որ դա լինի հնարավորինս արագ։ Պետական շահի այս գիտակցումը իշխող խմբակցության եւ միասնական ընդդիմության ամենամեծ ընդհանրությունը պետք է լինի։ Որքան արագ նա հեռանա, այնքան մեծանում են իշխանության՝ խաղաղ եւ հանդարտ փոխանցման հնարավորությունները։ Որքան արագ նա հեռանա, այնքան մեծանում է նրա թիմի քաղաքական կենսունակության եւ հեռանկարի հնարավորությունները, այդ թվում՝ հաջորդ կառավարությունների ձեւավորման պարագայում։

Բացառվում են բոլոր ռեպրեսիվ եւ ոչ դեմոկրատական մեխանիզմները այլակարծության դեմ։

Նոր կառավարությունը պետք է ձեւավորվի բացառապես լեգիտիմ, սահմանադրական ճանապարհով։

Երբ խոսվում է անցումային կառավարության մասին, դա չի ենթադրում կառավարություն՝ միայն ընդդիմության մասնակցությամբ։

Նոր կառավարության ունակությունը՝ արագ ապահովել Ռուսաստանի հետ արդյունավետ եւ ճիշտ երկխոսություն։

Պետք է տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրություններ՝ հանդարտ, հավասար եւ մրցակցային պայմաններում, 9-12 ամսից ոչ շուտ։

Հնարավոր սցենարները

Սցենար առաջին.

Գործող խորհրդարանական մեծամասնությունը նոր կառավարության ձեւավորումը պատվիրակում է ընդդիմության միասնական թեկնածուին, ինչպես դա եղավ 2018-ին՝ արտահերթ ընտրությունների հստակ պարտավորությամբ, իսկ մինչ այդ՝ հանդարտ, աշխատանքային մթնոլորտի ապահովման երաշխիքներով։

Սցենար երկրորդ.

Խորհրդարանում ձեւավորվում է նոր խորհրդարանական մեծամասնություն՝ տարբեր խմբակցությունների եւ անկախ պատգամավորների մասնակցությամբ, ինչը ենթադրում է գործող մեծամասնության կազմալուծում, սակայն չի բացառում նրա գործունեության շարունակությունը ավելի փոքր կազմով։ Նոր մեծամասնությունը առաջադրում է վարչապետի իր թեկնածուին։ Քննարկման առարկա է դառնում խորհրդարանի ղեկավարության նոր կազմը եւ ընդդիմության մասնակցությամբ նոր կառավարության կազմավորումը։

Սցենար երրորդ.

Այս պահին գործող խորհրդարանական մեծամասնությունը նշանակում է նոր վարչապետ՝ դարձյալ նույն պայմանով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ 9-12 ամսվա ընթացքում։ Այս դեպքում հիմնական խնդիրը լինելու է Իմ Քայլի կառավարության հանդեպ հանրային վստահության բացակայությունը։ Չի բացառվում, որ այս կառավարությունը ձեւավորվի ընդդիմության մասնակցությամբ կամ դառնա տեխնոկրատների, պրոֆեսիոնալների կառավարություն։

Ինչպես տեսնում ենք, չորրորդ սցենար պարզապես գոյություն չունի։ Առավելագույնը կարող են լինել դետալներ, նյուանսներ։

Հիմա՝ քայլերի մասին.

Ստեղծված իրավիճակում խորհրդարանական մեծամասնությունը չի կարող շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի կատարվել։ Դա կլինի ամենամեծ վատությունը պետությանը եւ ամենամեծ ռիսկը՝ հենց իրենց համար։ Հետեւաբար՝ խորհրդարանական մեծամասնությունը պետք է հայտարարի բանակցությունների պատրաստակամության մասին։ Միջնորդ կարող է լինել երկրի նախագահը։

Միացյալ ընդդիմությունը նույնպես հայտարարում է նույն ձեւաչափով բանակցային պատրաստակամության մասին։

Նախագահը հայտարարում է միջնորդ դառնալու՝ իր պատրաստակամության մասին։

Մինչեւ դեկտեմբերի 20-ը ընտրվում է նոր վարչապետ։ Մինչեւ դեկտեմբերի 25-ը ձեւավորվում է նոր կառավարություն։

Եթե այս ամենը չի կատարվում, մենք մտնում ենք քաղաքական անկայունության եւ անորոշությունների խոր ճգնաժամ, որտեղ պրոցեսներն արդեն չեն ընթանալու կանխատեսելիության եւ քաղաքական կոռեկտության պայմաններում, այլ՝ սպոնտան եւ վտանգավոր ձեւերով։ Նա, ով կխանգարի իմ նշած հանգուցալուծման պրոցեսներին, կկրի ուղիղ պատասխանատվություն՝ մեր քաղաքացիների հետագա դժբախտությունների համար։

Հիմնական խնդիրն է՝ առավելագույնս արագ ձեւավորել նոր կառավարություն։ Քաղաքացիներին ամանորյա ուղերձով պետք է դիմի նոր վարչապետը։ Սա ունի պատմական հոգեբանական նշանակություն։ Չի կարելի պարտության հոգեբանությունը տեղափոխել հաջորդ տարի։ Հնարավոր չէ, որ հազարավոր մարդկանց մահվան եւ տասնյակ հազարավոր վիրավորների պատճառ դարձած, ազգային աղետի պատճառ դարձած պատերազմի եւ պարտության ղեկավարը շարունակի երկրի հետպատերազմյան կյանքը։ Սա ունի նաեւ շատ առարկայական նշանակություն։ Բանակը, զինվորներն ու հրամանատարները այսուհետ պետք է ստանան հրամաններ նոր ղեկավարից, որը չի պարտվել եւ չի ստորագրել կապիտուլյացիա։ Ակնհայտ է, որ մեր երկրին սպասում են բարդ բանակցություններ, հարաբերությունների ճշտումներ՝ բարեկամ եւ ոչ բարեկամ պետությունների հետ, եւ Հայաստանն այստեղ ունի հաջողության մեկ գրավական՝ հանդես գալ նոր, չպարտված դեմքերով։