«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում չեն դադարում դժգոհություններն իշխանություններից ու պատերազմից հետո ստեղծված իրավիճակից, ու դրանք ավելի են խորանում: Եվ թեեւ շատ պատգամավորներ այս պահին չեն լքում խմբակցությունը, որոշներն էլ մանդատներն են վայր դնում, այնուամենայնիվ, խմբակցության ներսում իրավիճակն առաջվանը չէ։

Մեր աղբյուրները հայտնում են, որ ամեն ինչ հարթ չի ընթանում «Իմ քայլի» ներսում, եւ նույնիսկ նիստերը հնարավոր չի լինում ավարտել կամ ամփոփել մեկ դիրքորոշմամբ. այն գրեթե միշտ ավարտվում է վիճաբանությամբ:

Եվ այս համատեքստում «ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ առաջիկայում կտրուկ քայլ է անելու նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը, որը վարկանիշային ընտրակարգով պատգամավոր էր դարձել Սյունիքի մարզից:

Այս որոշման պատճառն իր հայրենի մարզում տեղի ունեցող իրադարձություններն են սահմանազատման աշխատանքների մասով, եւ շատ դեպքերում գյուղացիների հողատարածքներն անցել են ադրբեջանական կողմին, եւ վերջիններս բողոքում են: Տիգրան Կարապետյանն էլ, ի նշան բողոքի, մտադրություն ունի խմբակցությունից դուրս գալ: Սակայն, մեր տեղեկություններով, նրա հետ այս օրերին զրույցներ են ունենում, խնդրում են գոնե հիմա նման քայլի չդիմել:

Գրեթե ամեն օր նրան է զանգահարում խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը՝ ասելով, որ եթե ցանկանում է հեռանալ, թող մանդատը վայր դնի եւ չհարվածի թիկունքից, սակայն Կարապետյանն էլ ասել է՝ ինքը կորոշի, թե ինչպես վարվել: Հավելենք, որ նա երկար ժամանակ է, ինչ խորհրդարան չի գալիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում