Երգահան Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազատել «կառավարական ամառանոցները» մեզնից լավագույնների համար

Հայաստանն ու Արցախը վերջին պատերազմում տվել են հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր մարդիկ վիրավորվեցին, շատերը` ստանալով լրջագույն վնասվածքներ, որոնք փոխել են նրանց ողջ հետագա կյանքը։ Նրանցից շատերին անհրաժեշտ է ոչ թե պարզապես բուժում, այլ՝ երկարատև վերականգնում` առողջական, հոգեբանական, պետք է լինելու մասնագիտական վերապատրաստում, երկար ու դժվար ճանապարհ։

Հայաստանը փոքր երկիր է` մեծ վերքերով, և պետությունն այսօր պարտավոր է առավելագույնն անել, որպեսզի մեզնից լավագույնները` նրանք, ովքեր վիրավորվել ու հաշմանդամ են դարձել մեզ պաշտպանելիս, կարողանան արժանապատվորեն վերադառնալ կյանք։

Վերջին օրերին հնչեց կարծիք, որ հաջորդ իշխանությունները պետք է հրաժարվեն այսպես կոչված «կառավարական ամառանոցներից»` դրանք վերածելով այս պատերազմի մասնակիցների համար վերականգնողական կենտրոնի։

Ես առաջարկում եմ` անել դա հենց այսօր։ Վիրավորներն ու վերականգնողական բուժում ստացողները հե՛նց այսօր ունեն դրա կարիքը, իսկ պետությունը նրանց հանդեպ լուրջ պարտավորություններ ունի։

Ովքեր ծանոթ են առանձնատների այդ համակարգին, կհավաստեն, որ տասնյակից ավել` խնամված, նորոգված շենքերով, բոլոր ենթակառուցվածքներով հագեցած (այդ թվում` մարզական տարածքներ, այգիներ, ժամանցի վայրեր) այս հրաշալի համալիրը շատ արագ հնարավոր է վերածել իսկական վերականգնողական կենտրոնի։ Երևանի լավագույն վայրում` մեզնից լավագույնների համար։

Պրոթեզարաններ, ստացիոնար բուժման կլինիկա, վերականգնողական կենտրոն, հոգեբանական ծառայությունների կենտրոններ, կրթական ու մասնագիտական վերապատրաստման կենտրոններ, հյուրատներ, և այլն․ այս ամենի համար ամառանոցային հատվածը լավագույնս հարմարեցված է։ Կանաչ գոտում` կիրճի վրա, լավագույնը` լավագույնների համար։

Պետությունն արդեն իսկ հոգում է այս համալիրի պահպանման ծախսերը։ Այս հսկա վայրում այսօր ընդամենը երկու տուն է բնակեցված, և այդ տների բնակիչներն անհասկանալի պատճառներով շարունակում են ապրել պարսպի ետևում՝ մայրաքաղաքի կենտրոնում, այն դեպքում, երբ Հայաստանի սահմանները հարյուրավոր կիլոմետրերով այսօր անպաշտպան են դարձել, երբ տասնյակ հազարավոր մարդիկ կորցրել են իրենց ծննդավայրերը։

Նրանք պարտավոր են դուրս գալ այդ տարածքից՝ երկու հիմնական պատճառով․

նախ՝ նրանք անպաշտպան ու խոցելի են դարձրել երկիրը, իրենց գործողություններով հազարավոր զոհերի և վիրավորների պատճառ են դարձել, ու այսօր անհասկանալի է, թե ինչո՛ւ պետք է պետությունը նման ծախսեր անի՝ իրենց պաշտպանության և հարմարավետության համար։ Փոխարենը՝ երկարատև պաշտպանության և հոգածության կարիք ունեն պատերազմի վիրավորները՝ երկրի իրական պաշտպանները։

Երկրորդ՝ Հայաստանի պես փոքր և սահմանափակ ռեսուրսներով երկիրը պետք է ի վերջո հրաժարվի այդ ավանդույթից։ “Պետական դաչաների” մշակույթը մի օր պետք է դուրս գա մեր երկրից, և այսօր, երբ երկիրը վիրավորներով ու տեղահանվածներով լի է, հենց այդ օրն է։

Համարեք սա մշակութային ակցիա։ Համարեք սա այդպես էլ չսկսված մշակութային հեղափոխության առաջին քայլը։ Այստեղ երկար մտածելու բան չկա։

Եվ այսպես՝ առանց հետաձգելու, առաջարկում եմ․

ա/ օրերի ընթացքում ազատել «պետական ամառանոցների» հատվածը

բ/ քանդել դրանք շրջափակող պատնեշը, որպեսզի այգիները դառնան հանրային սեփականություն, և ամեն քաղաքացի կարողանա տեսնել և գնահատել, թե ինչ հրաշալի վայրում է պետությունը որոշել կազմակերպել պատերազմից տուժածների վերականգնումը

գ/ եթե այս ամենը պահանջում է օրենսդրական կարգավորումներ, ապա արագ նախաձեռնել այդ փոփոխությունները («Կոնդի առանձնատների տնտեսություն»-ը ՊՈԱԿ է, իրավաբաններ, գտեք արագ և ճիշտ լուծում)

դ/ ամառանոցների տարածքը դնել այն կազմակերպությունների տրամադրության տակ՝ առողջապահական, հոգեբանական, կրթական, այլ մասնագիտական ծառայություններ մատուցող, որոնք կկարողանան ապահովել շինությունների վերապրոֆիլավորումը և հնարավորինս արագ սկսել վերականգնողական նոր, բազմապրոֆիլ համալիրի շահագործումը։

Միացեք ձեր ստորագրությամբ, եթե համաձայն եք»: