ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասօր խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանից հետաքրրքվեց՝ ինչ է փոխվել, որ դատավորի ընտրության հարցը դուրս է եկել ԱԺ այսօրվա օրակարգից:
«Մամուլում տեղեկություններ կան, որ դատավորները հրաժարվում են այս խորհրդարանի կողմից ընտրվել: Կխնդրեի ասել՝ նման բան կա՞, թե ոչ», — հարցրեց Մարուքյանը:
Միրզոյանը պատասխանեց՝ Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թափուր տեղերը լրացնելու հարցով ԲԴԽ նախագահն իրեն նամակ է գրել:
Ըստ ԱԺ նախագահի՝ նամակում նշվում է, որ թեկնածուները նիստի վերաբերյալ տեղեկացվել են հեռախոսազանգով, ինչն, ամենայն հավանականությամբ, պատշաճ չեն համարել և չեն հասցրել պատրաստվել: Բացի այդ, թեկնածուները երկրի առջև ծառացած առավել լուրջ խնդիրների ֆոնին իրատեսական չեն համարել դատական իշխանությանը հուզող հարցերի քննարկում կազմակերպել:
«ԲԴԽ նախագահն իր և թեկնածուների անունից խնդրել է հարցը հետաձգել: Սա է ամբողջը: Մենք, բնականաբար, ընդառաջում ենք այս խնդրանքին», — ասաց Արարատ Միրզոյանը: