Լեռնային Ղարաբաղում ռուս ռազմական բժիշկները տեղակայել են առաջին բուժօգնության ցուցաբերման լրացուցիչ կետեր: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Բժշկասանիտարական առաջին օգնություն ցույց տալու համար ռազմական բժիշկները լրացուցիչ կետեր են տեղակայել Ստեփանակերտ, Խոջալու բնակավայրերում եւ Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում»,- ասել են ռազմական գերատեսչությունից: Հայտնել են նաեւ, որ այդ կետերում ընդունելություն են կատարում տարբեր մասնագիտության բժիշկներ, օգնություն են ցուցաբերում նաեւ հոգեբանները:

«Լրացուցիչ բժշկական կետերը հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով եւ տեղերում պացիենտներին հետազոտելու ու առաջնային ախտորոշում կատարելու հնարավորություն ունեն»,- շեշտել են ՌԴ ՊՆ-ից:

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ Հատուկ նշանակության բժշկական ջոկատի (ՀՆԲՋ) ռուս ռազմական բժիշկները մեկ օրում օգնություն են ցույց տվել գրեթե չորս տասնյակ պացիենտների, որոնց թվում 5 երեխայի: Լեռնային Ղարաբաղում ՀՆԲՋ ստորաբաժանումների կազմում աշխատում են ավելի քան 60 մասնագետներ, որոնց թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ: