Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդում է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Լանդի դեպարտամենտի 6000 բադ ունեցող թռչնաֆաբրիկայում խիստ ակտիվ H5N8 թռչնագրիպի վիրուսի բռնկման մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«ANSES ազգային տեղեկատու լաբորատորիան այսօր հաստատել է H5N8 վիրուսով վարակումը 6000 բադերի շրջանում` անասնապահական Բենեսի-Մարեմնե կոմունայում (Լանդի դեպարտամենտ), որտեղ դեկտեմբերի 5-ին մահացության բարձր ցուցանիշ կար», — ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի կեսերին H5N8 վիրուսի՝ երկրի կենդանաբանական խանութներում հայտնվելուց հետո սա առաջին վարակված ֆերման է Ֆրանսիայում:

«Այս H5N8 վիրուսը չի  փոխանցվում մարդուն, ակտիվորեն շրջանառվում է Եվրոպայում վայրի բնության մեջ՝ չվող թռչունների միջոցով», — ասված է հաղորդագրության մեջ:

Որպես կանխարգելիչ միջոց, Լանդի դեպարտամենտի լաբորատորիայի կողմից ստացված առաջին փորձարկման արդյունքների ֆոնին, պրեֆեկտուրան հրաման է տվել ոչնչացնել ֆերմայի բոլոր բադերին: