Անցյալ շաբաթ Թուրքիայում ձերբակալված NTV ռուսական հեռուստաալիքի լրագրողներն արտաքսվել են Ռուսաստան: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է հեռուստաընկերության մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում:

«Մեր գործընկերները` «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն եւ Իվան Մալիշկինն արդեն Մոսկվայում են: Ժամանել են գիշերային չվերթով: Նրանց մոտ ամեն ինչ կարգին է: Շնորհակալ ենք Ռուսաստանի արտգործնախարարությանը, Անկարայում Ռուսաստանի դեսպանատանը եւ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանն` օգնության համար: Եվ, իհարկե` լրատվամիջոցների բոլոր այն գործընկերներին, ովքեր աջակցում էին մեզ այս օրերին»,- ասված է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳՆ-ում հայտնել էին, որ Ստամբուլում գտնվող ռուս լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոն եւ Իվան Մալիշկինը դադարել էին կապի դուրս գալ: Նախարարությունում նշել էին, որ վերջին անգամ նրանց հետ լիարժեք կապ էր եղել դեկտեմբերի 3-ին, որի ընթացքում ռուսները հայտնել են, որ անհայտ անձինք բերման են ենթարկում իրենց եւ ինչ-որ տեղ են տանում: Ավելի վաղ NTV հեռուստաընկերությունում հայտարարել էին, որ իրենց աշխատակիցները դադարել են կապի դուրս գալ այն բանից հետո, երբ խմբագրությանը հայտնել էին Ստամբուլի արվարձանում ոստիկանության կողմից իրենց բերման ենթարկելու մասին: