Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի հարավային ծայրամասի տեղանքում: Մեկ օրում մաքրվել է ավելի քան մեկ հեկտար տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 2876 պայթուցիկ սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում աշխատող ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 62 հեկտար տարածք, 21 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 4000 պայթյունավտանգ սարք։

Նշվում է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում շարունակում են իրենց աշխատանքը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։