Հունաստանը Եվրախորհրդի նիստում կշարունակի պնդել, որ Եվրամիությունը պետք է զենքի վաճառքի էմբարգո սահմանի Թուրքիայի նկատմամբ: Ակնկալվում է, որ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր գործընկերներին կհայտնի, որ զենքը, որն նրանք վաճառում են Թուրքիային, կարող է օգտագործվել ԵՄ անդամ երկրների դեմ, գրում է Katimerini-ն:

Աթենքի գլխավոր մտահոգությունը գերմանական Т-214 սուզանավերն են: Ակնկալվում է, որ Գերմանիան 6 սուզանավ կմատակարարի Թուրքիային: Միցոտակիսը եւ արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը բազմիցս դատապարտել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի այդ քայլը:

Որոշ երկրներ, հատկապես՝ Գերմանիան եւ Իսպանիան, չեն ցանկանում էմբարգո սահմանել տնտեսական կորուստների պատճառով: Հունաստանն այդ մտավախություններն անհիմն է համարում: Դրա նախադեպ է դարձել Ռուսաստանին «Միստրալ» դեսանտային նավերի վաճառքը 2014 թվականին Ղրիմի իրադարձություններից հետո: Ռուսաստանը նավերը պատվիրել է 2010 թվականին, իսկ Ֆրանսիան չեղարկել է պատվերը 2015 թվականին՝ դրա փոխարեն 2 նավ վաճառելով Եգիպտոսին 1,2 մլրդ եվրոյով:

Վերը նշված նախադեպը ցույց է տալիս, որ Գերմանիան ունակ է վաճառել Т-214 սուզանավեր երրորդ երկրին եւ խուսափել ֆինանսական կորուստներից:

Իսպանիան նաեւ բաղադրիչներ է տրամադրել ուղղաթիռակիր նավի համար, որը ներկայումս կառուցվում է Ստամբուլում: Իսպանիան այն երկրներից մեկն է, որոնք Թուրքիայում օգտագործում են իրենց տնտեսական հզորությունը՝ զենքի էմբարգոյին դեմ հանդես գալու համար:

Սակայն Նիդեռլանդները, Թուրքիայում շատ ավելի երկար ներկայությամբ եւ շատ ավելի մեծ ներդրումներով (ավելի քան 30 միլիարդ դոլար), շնորհիվ այնպիսի բազմազգ ընկերությունների, ինչպիսիք են ING բանկը, Philips-ը, Shell-ը եւ Unilever-ը, Թուրքիայի վրա ճնշումը մեծացնելու ԵՄ առաջարկի հիմնական աջակիցներից է՝ նպատակ ունենալով ստիպել նրան դադարեցնել սադրանքները Միջերկրական ծովի արեւելյան մասում: Էլ չասած ԱՄՆ Կոնգրեսի որոշման մասին` պնդելու Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը` կապված նրա կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու հետ: