Հնդկաստանի առաջին 17 բնակիչները ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ANI գործակալությանը հայտնել Է Noble հիվանդանոցի կլինիկական հետազոտությունների բաժանմունքի ղեկավար դոկտոր Ս.Կ.Ռաութը:

«Տասնյոթ առողջ կամավորներ վերջին երեք օրվա ընթացքում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն են ստացել մարդկանց վրա փորձարկումների շրջանակներում: Նրանք գտնվելու են հսկողության ներքո, այնուհետեւ 21 օր անց նրանց կտան պատվաստանյութի ևս մեկ չափաբաժին»,-ասել Է նա:

Dr. Reddy’s Laboratories հնդկական դեղագործական ընկերությունը դեկտեմբերի սկզբին հաղորդել Էր, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ Հնդկաստանում սկսել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների երկրորդ և երրորդ փուլերը՝ բժշկության ոլորտում հնդկական կարգավորիչից անհրաժեշտ թույլտվություն ստանալուց հետո:

Ավելի վաղ Հնդկաստանի դեղամիջոցների գլխավոր վերահսկիչը հաղորդել Էր, որ պատվաստանյութի հետազոտությունների երկրորդ փուլի ընթացքում դրան կմասնակցեն 10 կամավորներ:

Նշվում Է, որ փորձարկումների երկրորդ փուլի ավարտվելուց հետո Noble հիվանդանոցը նաև կանցկացնի պատվաստանյութի հետազոտությունների երրորդ փուլը, որին կմասնակցի շուրջ 1,5 հազար կամավոր:

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է գտնվում կորոնավիրուսով վարակվածների թվով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, երկրում գրանցվել Է COVID-19-ի 9,6 մլն դեպք: Դրա հետ մեկտեղ հիվանդությունը հաղթահարել Է ավելի քան 9,1 մլն մարդ, բուժումը շարունակում Է շուրջ 396 հազար հիվանդ, կորոնավիրուսից և ուղեկցող հիվանդություններից մահացել Է 140 հազար մարդ: