Առաջիկա կառավարությունն ունենալու է երկու հիմնական առաքելություն՝ կայունացնել հետպատերազմյան քաղաքական վիճակը երկրում եւ պատրաստել հասարակությանը արտահերթ ընտրությունների: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կարեւորագույն խնդիրներից է լինելու՝ կասեցնել պետության հետագա քայքայումը, ինչպես նաեւ՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականութունը եւ սահմանների անվտանգությունը: Աներկբա է՝ պետք է լինեն հանդարտ, արդար եւ ազնիվ արտահերթ ընտրություններ։

Հիմնական սպառվող ռեսուրսը ժամանակն է, հիմնական գործոնը՝ հանրային սպասումները, հիմնական պայմանը՝ քաղաքական համաձայնությունը, աշխատանքի հիմնական մեխանիզմը՝ երկխոսությունն ու փոխգործակցությունը, հաջողության հիմնական երաշխիքը՝ պրոֆեսիոնալիզմն ու կառավարության անդամների թիմային աշխատանքը, հիմնական ռիսկը՝ արտաքին, աշխարհաքաղաքական գործոնները։ Առաջիկա պատմական փուլում կառավարության անդամներն ունենալու են միայն պատասխանատվության մեծ բեռ, ծանր պարտականություններ եւ մեծ խնդիրներ։ Այսպիսով.

1. Անցումային կառավարությունը ստեղծվում է քաղաքական նպատակահարմարությունից եւ օբյեկտիվ պատմական անհրաժեշտությունից։ Այդուհանդերձ՝ այն պետք է լինի նոր վարչապետի կառավարությունը, որտեղ նա հանդիսանում է առաջնորդ՝ ընդգծված հարգանքով եւ պատկառանքով։ Առաջարկվող ձեւաչափը հնարավորություն կտա նոր լիդերի միջոցով ապահովել կայուն քաղաքական երկխոսություն եւ համագործակցություն հիմնական քաղաքական դերակատարների միջեւ, ինչպես նաեւ՝ խորհրդարանական մեծամասնության հետ։ Դա թույլ կտա երաշխավորել հավասար եւ արդար պայմաններ՝ գալիք ընտրություններում։ Լիդերի պարտավորությունն է՝ աշխատել ոչ միայն նրանց հետ, ովքեր իրեն առաջադրել են, այլեւ՝ նրանց, ովքեր չեն մասնակցել այդ պրոցեսին։ Վարչապետը պատասխանատու է իր թիմի աշխատանքի որակի համար։

2. Անցումային կառավարության արդյունավետության համար պատասխանատու են նաեւ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մասնակից են դրա ձեւավորմանը։ Անցումային կառավարության ձեւավորումը պետք է բերի մեր երկրի քաղաքական կյանքում պատասխանատվության նոր ձեւաչափի հաստատմանը։ Ձեւավորելով կառավարություն՝ բոլոր կուսակցությունները եւ նրանց լիդերները, ինչպես նաեւ համախոհ հանրային դեմքերը պետք է իրենց հնարավորություններով եւ ռեսուրսներով օգնեն կառավարությանը՝ սուր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում՝ նպաստելով արտաքին ներդրումների ներգրավմանը, արտաքին աշխարհի հետ կապերի հաստատմանը։ Չպետք է լինի կողքից դիտորդի գործելաոճ։

3. Արցախի հարցի, պետության անվտանգության ապահովման, արտահերթ ընտրությունների, ընտրական օրենսգրքի փոփոխության, հնարավոր սահմանադրական փոփոխությունների եւ մի խումբ այլ կարեւորագույն հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են ողջամիտ փոխզիջմամբ։ Սա նույնպես պետք է օգնի երկրում ձեւավորել փոխզիջումների նոր քաղաքական մշակույթ: Իսկ արդեն ընդունված որոշումները չպետք է անվերջ քննարկվեն եւ կասկածի տակ դրվեն, միտումնավոր վարկաբեկվեն: Ներկա իրավիճակի առանձնահատկությունները նկատի ունենալով եւ կառավարության բնույթը հասկանալով՝ անհրաժեշտ է, որ բոլոր հարցերը՝ կապված Արցախի առաջիկա բանակցությունների եւ պետության անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ լինեն հանրությանը հասանելի։ Բանակցությունների գաղտնիությունն այլեւս անընդունելի եւ անօգուտ է հայ հասարակության համար։

4. Պետք է լինի ընդհանուր գիտակցում, որ անցումային կառավարությունն այն միավորը չէ, որը կոչված է լինելու երկրում իրականացնել արմատական բարեփոխումներ։ Բայց այս կառավարությունը կարող է խթանել եւ սկիզբը դնել հայ հասարակության համար դժվար թեմաների քննարկմանը, որոշ դեպքերում նաեւ անհետաձգելի բարեփոխումների մեկնարկ տալ։ Անհրաժեշտ է ձեւավորել ադեկվատ եւ չգերագնահատված սպասումներ։

5. Քաղաքական ուժերը ձգտելու են պահպանել կոռեկտություն եւ հրաժարվել կառավարության հանրային քննադատությունից, քանի դեռ անհանգստացնող հարցերը չեն քննարկվել ներսում եւ չեն գտնվել ընդունելի լուծումներ։ Կառավարության հանդեպ կամ առանձին անդամների հանդեպ դժգոհությունները պետք է փոխանցվեն միայն կառավարության ղեկավարին։ Վարչապետի խնդիրն է՝ պաշտպանել իր կառավարության անդամներին երկարատեւ եւ հնարավոր անպտուղ քաղաքական բանավեճերից եւ ընդունվող որոշումների վրա ազդելու՝ ոչ ֆորմալ միտումներից։ Վարչապետը պետք է կարողանա գտնել քաղաքական երկխոսության նոր, օպտիմալ ձեւաչափ եւ այդ երկխոսության արդյունքում ընդունված որոշումները հմտորեն տեղափոխել կառավարություն։

6. Անհրաժեշտ է բաց եւ օգտակար հարաբերություններ ձեւավորել կառավարության եւ պետության այլ ինստիտուտների՝ նախագահի եւ ԱԺ-ի միջեւ: Ստեղծել նախագահի եւ կառավարության հիմնական անդամների միջեւ պարբերական կոնսուլտացիաների հնարավորություն՝ քննարկելու համար ընթացիկ, ինչպես նաեւ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության մի շարք հարցեր։ Կարեւոր են նաեւ կայուն եւ կոնստրուկտիվ հարաբերությունները կառավարության եւ ԱԺ-ի միջեւ։

7. Կառավարության բոլոր անդամները նշանակման պահից առաջնորդվում են բացառապես կառավարության անդամի մանդատով։ Նրանք պետք է լինեն ազատ՝ քաղաքական, անձնական եւ այլ տիպի պարտավորություններից, ենթարկվեն կառավարության միասնական կանոններին, ինչպես նաեւ ընդունված սուբորդինացիայի եւ ենթակայության նորմերին։ Չեն կարող լինել այլ տեղերից հանձնարարականներ, ցուցումներ։ Նախարարները պետք է հնարավորինս սահմանազատվեն ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայից եւ ազդեցությունից։

8. Կառավարությունը պետք է հանդես գա որպես միասնական թիմ, պետք է գերիշխի թիմային ոգին, աշխատանքի թիմային ոճը։ Որեւէ նշանակություն չպետք է ունենա՝ ով ում ընկերն է կամ ով ում է «բերել» կառավարություն։ Ամեն մեկն անձամբ է կրում պատասխանատվություն իր աշխատանքի համար։ Բոլոր նախարարները կարեւոր են. չկան ընտրյալներ եւ ոչ այդպիսիք։ Բոլորը միմյանց հանդեպ պետք է լինեն հարգանքով։ Կառավարության անդամները պետք է ամրապնդեն թե´ սեփական հեղինակությունը, թե´ ամբողջ կառավարության։ Աշխատանքային հարաբերությունների ընթացքում միմյանց պետք է ընկալել որպես գործընկեր։ Տարբեր կուսակցական կամ այլ խմբային պատկանելության գործոնը չի կարող ազդել հարաբերությունների եւ աշխատանքի որակի վրա։

9. Նախարարները եւ պետական մարմինների ղեկավարները պետք է գիտակցեն, որ իրենցից որեւէ մեկին չի տրվում Կառավարությունում հավերժ աշխատանքի երաշխիք։ Սահմանված խաղի կանոններին հետեւելը, մարդկային պարկեշտությունը, գիտակից վարվելակերպը, նախաձեռնողականությունը, աշխատանքի արդյունավետությունը. սրանք պետք է լինեն իրենց աշխատանքի հիմնական չափորոշիչները։ Թիմի անդամներին «չքաշել», ազնիվ եւ բաց լինել հարաբերություններում։ Տրամադրված լինել երկարաժամկետ աշխատանքի՝ միաժամանակ շատ լավ հասկանալով անցումային կառավարության բնույթը եւ քաղաքական նշանակությունը։ Այս անցումային կառավարությունը պետք է կոտրի կառավարական ամառանոցների ու իշխանության մյուս ընդգծված ատրիբուտների կիրառման արատավոր պրակտիկան՝ մեծաքանակ թիկնապահներ, ծառայողական մեքենաներ, թանկարժեք ուղեւորություններ, եւ պետք է նոր մոտեցումներ ու ավանդույթներ ներդնի այդ հարցերի շուրջ։

10. Անցումային վարչապետը պետք է պատրաստ լինի ցանկացած օգտակար նախաձեռնության քննարկմանը, ազնիվ եւ արդարամիտ երկխոսությանը իր կառավարության յուրաքանչյուր անդամի հետ, չպետք է լինեն փակ կամ «հատուկ» թեմաներ: Կարեւոր է հարգանքով մոտենալ կառավարության որեւէ անդամի կարծիքին եւ դիրքորոշմանը, անգամ եթե այն չի համընկնում սեփականի հետ։ Իսկ ահա որոշումների ընդունումից հետո քննարկում եւ բանավեճ չպետք է լինի։ Նախարարները պետք է վստահ լինեն, որ անհրաժեշտության դեպքում կարողանալու են առավելագույնը 24 ժամվա ընթացքում ընդունելություն գտնել Վարչապետի մոտ։ Կարող է թվալ, թե պարզ, հասարակ բաներ եմ արձանագրում, սակայն տարիների փորձը եւ Հայաստանում վերջին շրջանում տիրող խառնաշփոթն են թույլ տալիս խոսել պարզ բաների կարեւորության մասին։

Անցումային կառավարությունը պետք է ցույց տա մեր երկրի քաղաքացիներին, որ հնարավոր է Հայաստանում ունենալ իրավիճակ, երբ.

— Իշխանությունը կարող է լինել սոլիդ, իսկ դրա գործունեության որակը՝ բարձր

— Պետությունում պետք է գործեն ոչ թե առանձին անհատները կամ ազդեցության ոչ ֆորմալ խմբերը, այլ՝ սահմանադրական ինստիտուտներն ու մարմինները

— Այդ ինստիտուտների միջեւ փոխհարաբերությունները որոշվում են ոչ թե միջանձնային հարաբերությունների ընթացիկ կոնյունկտուրայով եւ մարդկային գործոնով, այլ առավելապես՝ այդ ինստիտուտների գործառույթներով եւ իրավասություններով

— Պետական գործիչներն իրենց աշխատանքով ստեղծում են նախապայմաններ՝ պետական ինստիտուտների հանդեպ ընդհանուր հարգալից վերաբերմունքի համար

— Պետական ինստիտուտների աշխատանքի արդյունքում հնարավոր է լինում խուսափել հովանավորչությունից, կոռուպցիայից ու իշխանության չարաշահումից: