«Բերձորում մարդիկ տնից կես ժամով դուրս են եկել, գնացել են տեսել՝ տները թալանված: Բերձորից փախածները ետ են գնացել, որ իրենց տների ապրանքը գոնե բերեն, գնացել են տեսել՝ տանիքներով ու դռներով հանդերձ թալանված են»,- այս պահին ընթացող հավաքի ժամանակ դժգոհեցին Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչերը: Հարցին՝ պատրա՞ստ են գնալ հիմա Բերձորում ապրել, Բերձորի նախկին բնակիչը պատասխանեց, որ ինքը պատրաստ չէ թուրքից 100 մետր հեռավորության վրա ապրել:

Քաշաթաղի վարչակազմի աշխատակից Նելլի Թաթոսյանն էլ հստակեցրեց, որ այսօրվա հավաքի հստակ պահանջն է՝ պատասխանել՝ Բերձորը հայկական է, թե ոչ: Եթե ոչ, ապա ինչպես են 8 մետրանոց ճանապարհով պատկերացնում Արցախի մնացած հատվածի անվտանգությունը: Եթե հայկական է, ապա ինչու չի ապահովվում մարդկանց վերադարձն ու անվտանգ կյանքն այնտեղ: Եթե հայկական է, թող ենթակառուցվածքները վերականգնեն, այնինչ վերջին տվյալներով անգամ գազի խողովակներն են հանել: Այս պահի դրությամբ Բերձորում ու Աղավնոյում ադրբեջանական զորք չկա, սակայն անվտանգությունը լուրջ խնդիր է: Խաղաղապահներն ասում են՝ մենք բնակավայրերի անվտանգությունը չենք կարող ապահովել, մենք միայն ճանապարհին ենք ապահովում»: