Նիկոլ Փաշինյանն այլ ելք չունի և անպայման պետք է հրաժարական ներկայացնի. Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ մինչև երեքշաբթի՝ ժամը 12:00-ն Փաշինյանին ժամանակ տվեցին հրաժարականի համար, ի՞նչ են անելու, եթե հրաժարական չտա, Վանեցյանն արձագանքեց՝ անհնազանդության մասսայական ակցիաներ, օրենքով թույլատրված բոլոր միջոցառումներին դիմելու են՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար:

Դիտարկմանը՝ իրավապահ ուժերը ուժ կկիրառեն այդ անհնազանդության ակցիաները թույլ չտալու համար, Վանեցյանը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում ոչ միայն  իրավապահ ուժերը, այլ առհասարակ պետական համակարգը, կառույցները չեն ենթարկվում»:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծռուկյանին հարցաքննության հրավիրելուն, նա նշեց, որ դա դասական քաղաքական հետապնդման փորձ է, որը շատ վատ հետևանքներ է ունենում երկրի համար:

Հարցին՝ մամուլում հրապարկվել է, թե անձամբ իր մոտ Նիկոլ Փաշինյանը բանագնաց է ուղարկել անվտանգության երաշխիքներ ստանալու համար, Վանեցյանը նշեց, որ այդ հարցը չի մեկնաբանում:

Նա շեշտեց, որ ինքն անձամբ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկական անվտանգության երաշխիքներ է տալիս:

Փաշինյանի այսօրվա ուղերձի վերաբերող հարցերին ի պատասխան՝ Վանեցյանն ասաց՝ չի կարողանում Փաշինյանին լսել, միայն սղագրությունն է կարդում, այսօր դեռ չի հասցրել կարդալ:

Դիտարկմանը՝իր ուղերձում նա նշել է, թե 25 տարի դիվանագիտությունը պարտված է եղել, պարտված դիվանագիտության փաստաթուղթն է ստորագրել ինքը, Վանեցյանն արձագանքեց. «Ես չեմ ուզում տալ նախկինում արված սխալների կամ դրական արարքների գնահատակները, ես կարող եմ ասել մի բան՝ Փաշինյանը եկավ ու հայտարարեց, որ բանակցությունները սկում է իր կետից, եղել են ձախողումներ նախկինում, թե չեն եղել, այդ հայտարարությամբ պատասխանատվությունը նախկինների վրայից դուրս է գալիս»:

Վանեցյանը հավելեց, որ իրեն շատ վատ է զգում  այսօր փողոց դուրս գալով Փաշինյանի հրաժարականը պահանջեդլու համար, քանի որ դրա փոխարեն կարող էին բոլորով լծվել գործի և հայրենիքի, ժողովրդի համար մի օգտակար բան անել:

Հարցին էլ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին են ուզում առաջադրել վարչապետի պաշտոնում, նա ասաց՝ դա էլ ընդունելի չէ, իրենք ունեն մեկ պահանջ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: