Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել, ինչպես և մյուս երկրների դեպքում, այդ տարածքի պատկանելությունը բավականին երկար ժամանակ սահմանված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով․ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Իրականում, ոչ մի երկիր չի փոխել», — ասել է Պեսկովը՝  պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղի կարգավիճակին փոխվել է պատերազմից և Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների համաձայնությունից հետո։

Պեսկովը հավելել է․ «Եվ նախագահ (Վլադիմիր) Պուտինն ասել էր, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից: Նախագահ Պուտինը խոսել է այս մասին», — մեջբերում է Պեսկովին «Ռիա նովոստին»։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 3-ի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը նշել էր, որ հակամարտության՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումն ընդգրկում է Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Կա միասնական Ադրբեջան՝ բազմազգ և բազմակրոն»։