Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը հայտարարել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել։
«Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ և առաջ ի՛մ անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել։ Սակայն ուզում եմ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում, հետայսու նույնպես իմ բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե ո՛ր ոլորտում գործունեություն կծավալեմ և որտե՛ղ նպատակահարմար կհամարեմ:
Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ»,- ասված էր պատգամավորի գրառման մեջ։

Irakanum.am-ին հայտի դարձավ, որ Արգիշտի Մեխակյանի այս որոշումը պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ նա չի ընդունում սեփական թիմի վարած քաղաքականությունը, այլ պարզապես նշանակվելու է ուրիշ պաշտոնի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Արգիշտի Մեխակյանը շուտով նշանակվելու է Արմավիրի փոխմարզպետ։ Առաջիկայում այս մարզում նախատեսվում են մի շարք համայնքների խոշորացում և փոխմարզպետի պաշտոնից Մեխակյանը սահուն անցում կկատարի խոշորացված համայնքների ղեկավարի պաշտոնին։ Այս պայմանավորվածությունը նա ուներ ավելի վաղ, հետեւաբար նրա պլաններում որեւէ փոփոխություն չի կատարվել։

Irakanum.am