Ես, լինելով երեք պատերազմի մասնակից, իմ տեսակով ասպետ եմ եւ Նիկոլ Փաշինյանը որքան էլ փորձի իր համախոհներով գործ կարել ինձ վրա, դա չի ստացվելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Ես կարող եմ յուրաքանչյուրի դեմ միայնակ մենամարտի դուրս գալ, եթե ունեմ նման թշնամի: Եթե նա ունակ է ինձ հետ մենամարտելու, ես իրեն հրավիրում եմ մենամարտի՝ տալով մի քանի իրավունք՝ վայրի, ժամանակի, զենքի ու առաջին կրակոցի իրավունք: Եթե ունակ է, թող գա, եթե ոչ, կարող է իր «Էրատո» ջոկատի հրամանատարին ուղարկել ինձ հետ մենամարտելու: Սակայն ես որպես ասպետ հրաժարվում եմ մենամարտել կնոջ դեմ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պետք է արվի այսօր, լեգենդար հրամանատարն ասաց, որ նախ պետք է խոսեն հոգեւորականները. «Ես հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ եմ: Ես կոչ եմ անում Վեհափառին, բոլոր սրբազաններին՝ վաղը գալ հարթակ: Կոչ եմ անում բոլոր գեներալներին, որոնց մեկուսացրեցին, ում թույլ չտվեցին մասնակցել ու հաղթել այս պատերազմում, նրան, ովքեր ուսադիր են կրել գեթ մեկ օր՝ եկեք հարթակ, միացեք ժողովրդին: Եկեք ձեր ցասումն արտահայտեք, այս սորոսական նախիրի դեմ:

Կոչ եմ անում իմ սգակիր մայրերին, ձեզ միամտացրել են, ձեզ ամեն օր խաբում են, կոչ եմ անում գալ, եկեք միասնական լինենք ու ապացուցենք մեր տեսակը, մեր հայ լինելը»,-ասաց Աշոտ Մինասյանը: