Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները ձեռբակալել են Ռուսաստանի 41-ամյա քաղաքացու, որի մոտ 7 կգ հերոին է հայտնաբերվել՝ մոտ 2 մլն լարի (ավելի քան 600 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ գերատեսչության մամուլի ծառայությանը հղումով։

«Առանձնապես խոշոր քանակությամբ թմրանյութի ապօրինի ձեռք բերման ու պահման մեղադրանքով բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի՝ 1979 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Ձեռքի ուղեբեռի զննման ժամանակ ոստիկանությունը 7 կգ հերոին է առգրավել։ Առգրավված թմրամիջոցի գինը «սև շուկայում» կազմում է մոտ երկու միլիոն լարի», — ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։

Տղամարդը ձերբակալվել է Լագոդեխի-Բակուրցիխե-Թբիլիսի մայրուղու վրա՝ Վրաստանի արևելյան հատվածում։ Նա տեղաշարժվում էր մեքենայով, որը ոստիկանները կանգնեցրել են ստուգում անցկացնելու համար։ Այժմ ՌԴ քաղաքացուն սպառնում է 8-20 տարվա կամ անժամկետ ազատազրկում։