Կառավարությունը վեցամսյա սոցիալական աջակցություն կցուցաբերի ռազմական գործողությունների հետեւանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։

«Հյուրընկալ է համարվում այն ֆիզիկական անձը, ում Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության  իրավունքով պատկանում է բնակելի անշարժ գույք եւ ով հյուրընկալվողին տրամադրում է կացարան 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար:

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձեւով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է եւ 45 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է։

Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝

1) 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,

2) 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչեւ հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։

Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական միայն մեկ անգամ: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է Հայփոստի եւ Արցախփոստի միջոցով:

Միջոցառման իմաստով հյուրընկալվող չի համարվում Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ունեցող քաղաքացին։