SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր չափի բնակարանային գողության դեպքը բացահայտվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վաչության Արարատի քննչական բաժնում կատարված գրագետ աշխատանքի արդյունքում:

Նոյեմբերի 30-ին՝ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակիչ, 64-ամյա Վ. Ա.-ն ահազանգել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ 1 օր առաջ Արարատ քաղաքի Խանջյան փողոցում գտնվող, իրեն պատկանող սրճաղացի ներսում իր հարևանը՝ 45-ամյա Ս. Պ.-ն անհիմն վիճաբանել է իր հետ, որից հետո, ըստ իր կասկածների, սրճաղացի սեղանի տակից հափշտակել է բնակարանի բանալին, այնուհետև մուտք գործել նշված բնակարան և ննջասենյակի պահարանից հափշտակել ոսկյա զարդեր և գումար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության ծառայողները, համագործակցելով քննչական բաժնի հետ, հայտնաբերել են կասկածյալ Ս. Պ.-ին, սակայն վերջինս, ինչպես ժողովուրդն է ասում, 2 ոտքը դրել էր մեկ կոշիկի մեջ և հերքում էր, թե ինքը բանալիները գողացել է:

Շնորհիվ քննչական բաժնի՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Զոհրաբյանի, կասկածյալը խոստովանել է կատարվածը և հայտնաբերվել է նաև գողոնը՝ գումարն ու կանացի և տղամարդու ոսկյա մատանիները:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ Ս. Պ.-ն ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: