Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), վկայակոչելով իր վստահելի աղբյուրները, հայտնում է, որ թրքամետ սիրիացի վարձկաններն Ադրբեջանից վերադարձել են Սիրիա:

Աղբյուրի տվյալներով՝ նոր ժամանած սիրիացի վարձկանների՝ ավելի քան 900 հոգուց բաղկացած խումբը վերադարձել է Սիրիա, երբ ձախողվել են նրանց Ադրբեջանում պահելու Թուրքիայի բոլոր ջանքերը: Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է թույլատրել նրանց բնակվել Լեռնային Ղարաբաղի տարածքում կամ Ադրբեջանի շրջաններում:

Վերոնշյալ խումբն Ադրբեջանից մեկնել է երեքշաբթի: Նշվում է, որ այլ խմբեր ևս պետք է Սիրիա մեկնեն առաջիկա օրերին: Վարձկաններին հաջողվել է ստանալ իրենց վարձատրության մի մասը, որը գնահատվում է 10 000 թուրքական լիրայի չափով, մի մասն էլ ստանալու են մոտ օրերին:

Սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին մասնակցել է 2580 սիրիացի, որոնցից 342-ը փոշմանել և հետ էին գնացել պատերազմի ընթացքում: Վարձկանների շրջանում մահվան ցուցանիշը հասել է 293-ի, որոնցից 225-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մնացածինը դեռ Ադրբեջանում են: