Նոյեմբերի 30-ին ևս 846 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 846 մարդ: Ավտոբուսների տեղաշարժը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների զորախմբի և ռազմական ոստիկանության հերթապահ զինծառայողների ուղեկցությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 26 000 փախստական:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: