Նոյեմբերի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը։

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով` պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող անձնվիրաբար ծառայության համար խրախուսվեցին։

Ոստիկանները պարգևատրվեցին արտահերթ կոչումներով, «Իրավակարգի ամրապնդման համար», «Մարտական զորակցություն», «Օրենքի պատվար», «Ոստիկանության 100-ամյակ» մեդալներով, «Գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով և պատվոգրերով։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին՝ նշեց, որ պատերազմի ընթացքում նրանց հայրենանվեր ծառայությունը վերստին ցույց տվեց, որ երբ վտանգ է սպառնում հայրենիքին, ոստիկանը ազգի նվիրյալ զինվոր է։