Աթոռից կառչած՝ երկրի գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը և արդարացնել ազգային աղետի հասնող դավաճանությունը։ Սակայն անմեղսունակ սուտասանի արդարացումները նրան ավելի հիմար դրության մեջ են դնում։ Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա մասնավորապես գրել է․

«Նախ նա ստում է, որ 2011թ․-ին Սերժ Սարգսյանի օրոք բանակցված կազանյան փաստաթղթով 7 շրջանները պետք է հանձնվեին։ Հիշեցնեմ, որ այդ նախագծով նախապատրաստված էր կարգավորման ՓԱԹԵԹԱՅԻՆ տարբերակ՝ 5 շրջանների փոխանցելու դիմաց տրվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ դե ֆակտո կարգավիճակից ավելի բարձր մակարդակով։ Ոչնչով չսահմանափակված օրակարգով հանրաքվեից եւ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո վերադարձվում էր Քելբաջարի շրջանը եւ Լաչինի մի մասը, քանզի նախատեսված էր Հայաստանի եւ Արցախի միջեւ ոչ թե 5 կիլոմետրանոց նեղլիկ միջանցքի, այլ շատ ավելի լայն, նույնն է թե ցամաքային սահմանի առկայություն։

Այս փաթեթի բաղկացուցիչ մաս էին կազմում Արցախի անվտանգության միջազգային երաշխիքները՝ համապատասխան խաղաղապահ մեխանիզմով։ Բացի դրանից անվտանգության երաշխիքներ էին ստեղծում. ՀՀ եւ Արցախի Զինված ուժերը,  Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջազգային լեգիտիմությունը  եւ Արցախի դատաիրավական համակարգի ճանաչումը։ Այս ամենն ենթադրում էր նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան համապարփակ որոշում։