Ռուս խաղաղապահների հերթական խումբը Ստեփանակերտ է ժամանել ռուս-ադրբեջանական սահմանով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Զինծառայողներ, ավտոմեքենաներն ու հատուկ տեխնիկան, ինչպես նաև նյութատեխնիկան ապահովման այլ միջոցներ երկաթգծով ժամանել են Ռուսաստանից նոյեմբերի 28-ին: Խաղաղապահների համար նախատեսված ուղեբեռը Բարդա է հասել նոյեմբերի 29-ին Յալամա-Բաքու-Եվլախ-Բարդա երկաթուղային գծով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: