Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում 53-ամյա Արտակ Հ.-ն իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում՝ Խնձորուտ թաղամասի 12-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և հայտնվել հարակից այգում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտակ Հ.-ն մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Նրան ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ում մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորութամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվ են գործել նաև «Գազպրոմ Արմենիա» Լոռու մարզի պատասխանատուները:

SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ վթարի վայրի հարևանությամբ «Վեոլիա Ջրի» անգործության հետևանքով ջրի արտահոսք է տեղի ունենում ճանապարհահատվածում, որը սառած է ու ճանապարհային ոստիկանները՝ Ա. Սուքիասյանի գլխավորությամբ, նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի վարորդները զգոն լինեն, մինչև Մեծն «Վեոլիա Ջուր»-ը բարեհաճի խնդիրը վերացնել

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: