«Բարսելոնան» պայմանավորվածություն է ձեռք բերել ֆուտբոլիստների հետ այս մրցաշրջանում աշխատավարձերը 122 միլիոն եվրոյով կրճատելու վերաբերյալ, հայտնում է ֆուտբոլային ակումբի կայքը:
Նշվում է, որ կողմերը սկզբունքորեն համաձայնության են եկել, որը հետագայում պետք է վավերացվի: Բացի այդ, «կապտանռնագույնների» խաղացողները համաձայնել են բոնուսների՝ մոտ 50 միլիոն եվրոյի վճարումը երեք տարով հետաձգելուն:
«Եթե համաձայնագիրը վավերացվի, այն կդառնա կարևոր քայլ ակումբում առկա տնտեսական իրավիճակը փոխելու համար», — ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Բարսելոնան» կարող է սնանկության առաջ կանգնել, եթե ակումբը 190 միլիոն եվրոյով աշխատավարձերը չկրճատի։