Դեմոկրատ Ջո Բայդենն ԱՄՆ-ի նախագահ կդառնա միայն այն դեպքում, եթե կարողանա ապացուցել, որ նախագահական ընտրություններում իր ենթադրյալ հաղթանակը խարդախության արդյունք չէ, Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը։

«Բայդենը Սպիտակ տուն որպես նախագահ կարող է մտնել միայն այն ժամանակ, երբ կարողանա ապացուցել, որ իր ստացած ծիծաղելի «80 մլն ձայները» անօրինական կամ խարդախ ճանապարհով չեն ստացվել։ Եթե տեսնեք, թե ընտրությունների ժամանակ ինչ խարդախություններ են տեղի ունեցել Դեթրոյթում, Ատլանտայում, Ֆիլադելֆիայում և Միլուոքիում, նա մեծ խնդիրներ կունենա», — գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին․ Թրամփը վիճարկում է նրա հաղթանակը։