Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմին մասնակցած և նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո տուն վերադառնալ չցանկացող կամավորների մասին:

Հեղինակ Անդրեյ Կոցը գրում է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վերջին շաբաթներին ամենահաճախը կարելի է տեսնել զինվորական համազգեստով մարդկանց, որոնք խրամատներից վերադառնալուց հետո այժմ խմբերով քայլում են Արցախի մայրաքաղաքի կենտրոնով, խմբվում են կառավարության շենքի մոտ, մեկը մյուսի հետևից ծխախոտ ծխում, մթերային խանութների մոտ հերթ կանգնում՝ թեյ կամ այլ ապրանքներ գնելու համար: Նշվում է, որ բոլորի թեման մեկն է՝ դադարեցված պատերազմը: Հարցին, թե ինչու չեն վերադառնում տուն, կարճ ու կոնկրետ պատասխանում են. «Շարունակությանն ենք սպասում»:

Կոցը զրուցել է կամավորներից շատերի հետ. վերհիշելով անցած ռազմական գործողությունները, թշնամու հետ մարտերը՝ հրետանավոր և կապավոր Անդրեյ Նալբանզյանը վստահ է, որ հարձակվողների առաջին շարքում ադրբեջանցիներ չեն եղել. այլ համզգեստ, մորուքավոր դեմքեր, ֆանատիկ տրամադրվածություն, շատ նման Մերձավոր Արևելքում սիրիական կառավարական ուժերի դեմ տասը տարի պայքարողներին:

«Ամբողջ ուժով առաջ էին գալիս զոմբիների պես»,-նշել է Նալբանզյանը՝ մանրամասնելով, որ
թշնամու կողմից հատուկ տեսակի թմրամիջոցների օգտագործման մասին, ինչի մասին իր ընկերները կռահել են այն պահից հետո, երբ մի քանի սանտիմետրի տարբերությամբ իրեն չդիպած կրակին հակառակորդի զինվորը առհասարակ չի արձագանքել, շարունակել է ծխախոտը ծխել:

«Հետո, երբ դիակներն էինք փնտրում, շատերի մոտ ասպիրինի պես ջրում լուծվող դեղին հաբեր գտանք: Մեր բժիշկն ասաց, որ դա թմրանյութ է, որը թույլ է տալիս առանց քնելու, սնվելու ու վախենալու օրեր շարունակ կռվել: Իմ ծանոթները, որոնք մոտիկից մարտերի են բռնվել նրանց հետ, նույնպես նշել են, որ հակառակորդը անմարդկային դիմակայություն է ցուցաբերել. Ինքնաձիգից ուսին են կրակել, նա անգամ չի էլ նկատել, շարունակել է առաջ շարժվել տերմինատորի պես: Վստահ եմ, որ դրանք ադրբեջանցիներ չէին, նրանք այդպես կռվել չեն կարողանում»,- նշել է նա:

Հայ կամավորների խոսքով՝ ադրբեջանցիներից բացի պատերազմական գործողություններին մասնակցել են Սիրիայից վարձկաններ: Նրանք վստահեցրել են, որ անգամ սևամորթների են տեսել մարտի դաշտում:

Կամավոր Նարեկ Ջանինյանի խոսքով՝ համացանցում արդեն իսկ հայտնել են Անկարայից այն գեներալների անունները, որոնք սկզբում ծրագրել ապա ղեկավարել են ռազմական օպերացիաները ԼՂ-ում: Նշվում է, որ Արցախի պաշտպանական բանակի շատ զինվորներ զինված են եղել միայն հին Կալաշնիկովի ինքնաձիգերով, շատերն անգամ զրահաբաճկոններ չեն ունեցել, որոշներն էլ դեռևս սովետական արտադրության սաղավարտներ են կրել:

«Արցախի հայերը հասկանում են, որ պարտվել են պատերազմում, սակայն նրանց այլ հարցեր են տանջում. ինչո՞ւ Երևանն ամբողջական բանակային կորպուսը չի մտցրել Լեռնային Ղարաբաղ: Ինչո՞ւ ամենաժամանակակից զինատեսակները չեն օգտագործվել: Ինչո՞ւ Արցախ զինամթերքներով, սննդով ու դեղամիջոցներով ավտոշարասյուներ չեն մեկնել: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդքան ուշ կայացրել Ռուսաստանի աջակցությունն ընդունելու որոշումը»,-եզրափակում է Կոցը: