Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում անդրադարձավ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից մի քանիսին։ Փաշինյանը նախ նշեց, որ պատերազմի ընթացքում տրվել է ճիշտ տեղեկություն։ Ըստ նրա պատերազմի ժամանակ ճշտմարտությունն ասվել է պատերազմի կանոններով։

«Իմ տիկնոջն է թիրախ դարձնում, մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը: Այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ: Ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությո՞ւն էր: Չէի իմացել: Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը՝ վարչապետի հանձնարարությամբ, Պաշտպանության բանակի հրամանատարական կետ Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով՝ այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, ահա այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամին ուղարկելը, որ տեսնեն մարդիկ, որ վարչապետի ընտանիքի անդամն է գտնվում Ստեփանակերտում, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է: Եւ ոմանք Ստեփանակերտից ետ են կանչվել խուճապ տարածելու եւ աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով, եւ այս հարցերը, ըստ կարգի, դեռ կպարզաբանվեն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ իր ասուլիսում Մովսես Հակոբյանը հայտարարել էր․
«Քանի որ արգելված է եղել կողմանկի մարդկանց մուտքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ ճաշելու, իջել եմ, տեսել նստած է տիկին Աննան էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները և կողքը կանգանծ է Բաբայան Սամոն։ Բարևել եմ, նստել սեղանի շուրջ, որովհետև այնտեղ ընդհանում էր դիտարժան մարտ, բոլորը շատ երկար ժամանակ լուսաբանում էին՝ հակառակորդի մուտքն էր դեպի Մատաղիս, երբ մեր զորքերը ջախջախում էին և բավականին էֆեկտիվ են ջախջախել։ Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի միջամտություն, ցուցումներ չէր տալիս, դիտարկում էր ընդամենը՝ ինչ է կատարվում մարտի դաշտում։ Երբ դա ավարտվեց, ես մոտեցա, խնդրեցի, ասացի՝ տիկին Աննա, այսպիսի տեսարժան բաներ չի լինելու, մնացած ուղղություններում ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև հայհոյեն, կաշկանդվում են ձեզնից, ասաց՝ լավ։ Մի քսան րոպե նստեց, գնաց։ Չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան»,-մանրամասնեց նա։
Զինվորականը նշել էր , որ ոգևորված հասել է Պաշտպանության նախարարի մոտ։ «Ինձ հրամայել են, որ դուք չգնաք այնտեղ։ Ասում եմ՝ պատճառն ինչ է, ասում է՝ չգիտեմ, ո՞վ է ասել՝ վարչապետը»,- ասաց Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ իրեն արգելել են հետ գնալ։