Այլընտրանքային նախագծեր խումբը հոդված է հրապարակել, որում անդրադառնում է Սոթքի տարածքում ստեղծված իրավիճակին։ Հոդվածում ասվում է, որ սահմանների ճշգրտման գործում Հայաստանը պասիվ դիտորդի դերում է, քանի որ Հայաստանում այս պահին չկա իշխանություն։ Ըստ հոդվածագրի՝ Սոթքի խնդիրը Հայաստանում ամբողջությամբ չի ընկալվում։ Հոդվածը կարող եք կարդալ ստորև։

Սոթքի խնդրի լրջությունը Հայաստանում ամբողջությամբ չի ընկալվում։
Իշխանություն չկա՝ ակնհայտ է։ Բայց ոչ իշխանական համակարգերը և լիդերները նույնպես լռում են։ Կա մտավախություն, որ Հայաստանում լրջության պոտենցիալը կտրուկ նվազել է, ինչը պետության համար մեծագույն ռիսկ է։ Սոթքի խնդիրն ունենալու է շարունակություն, որը Հայաստանի համար կենսական ռիսկեր է ստեղծելու։

1. Իմանալ, որ պայմանագրով հանձնելու են Քելբաջարը ու դրանից հետո 2 շաբաթ չզբաղվել Սոթքի խնդրով, ուղղակի հանցագործությունն է։ Ռուսական կապիտալով ձեռնարկությունը Հայաստանի չորրորդ հարկատուն է և նրա չաշխատելու դեպքում մեր տնտեսությունը կրելու է ահռելի վնասներ։

2. Սահմանների ճշգրտման գործում Հայաստանը պասիվ դիտորդի դերում է. գալիս են ադրբեջանցիները ռուսների հետ ինչ-որ քարտեզներ ձեռքին, և հայկական կողմը արձանագրում է նրանց որոշումը։ Եվ հենց այդ պատճառով է, որ Արցախի մի շարք բնակավայրեր հայտնվում են Ադրբեջանի ենթակայության տակ։ Նույն Սոթքը խիստ վիճելի է, որովհետև Խորհրդային Միություն ժամանակներում այն միշտ շահագործվել է Խորհրդային Հայաստանի կողմից։

3. Սահմանների ճշգրտման բանակցությունները՝ դելիմիտացիան, չի արվում գեներալների մակարդակով։ Դա միջպետական բանակցությունների խնդիր է։ Հայաստանի իշխանություններն այս խնդիրը չեն պատկերացնում, իսկ Ադրբեջանը հստակ ճշգրիտ քայլերով Հայաստանի համար ստեղծում է լուրջ խնդիրներ։

4. Եթե Սոթքը չաշխատեց կամ կիսով չափ աշխատեց, ապա հարցականի տակ է դրվելու Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ապագան։

5. Եթե Սոթքը չաշխատեց, ապա այն մեծ խնդիրներ է ստեղծելու ֆինանսական շուկաների համար։ Մենք, ըստ էության, հայտնվելու ենք նույն վիճակում, ինչ «Լիդիանի» պարագայում՝ արտաքին ներդրումներ ներգրավելու համատեքստում։

6. Ադրբեջանը հստակ քաղաքականությամբ պրոբլեմներ է ստեղծում մեր տնտեսական եզակի հզորությունների համար։ Եվ Սոթքը միակը չէ։ Սյունիքի ճանապարհները, ըստ էության, դառնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և Քաջարանի ու Ագարակի կոմբինատների փոխադրումների համար լրջագույն պրոբլեմներ կարող են ստեղծվել։

Հայաստանը մտել է շատ բարդ փուլ, և հետպատերազմյան այս փուլում տեղի են ունենում պատմական իրադարձություններ և Հայաստանը կարող է ունենալ անդառնալի կորուստներ։

Հայաստանում այսօր իշխանություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Կա Ն. Փաշինյան, որն ունի միջազգային հեռախոսազանգերի ֆորմալ իրավունք, որոնց արդյունավետությունը դժվար է հասկանալ։ Ուրիշ ոչինչ։

Զարգացումները ցույց են տալիս, որ.

ա/ Կա´մ Ն. Փաշինյանը չի հասկանում խնդիրները, դրանց հրատապությունը, դրանց խորությունը և անդառնալիության պահը։

բ/ Կա´մ, հասկանալով, որ ինքը շուտով չի լինելու իշխանության, մեծագույն վնաս է հասցնում Հայաստանի հաջորդ իշխանություններին և Հայաստանին։

Սա չի կարելի թույլ տալ։ Շատ կարևոր է այսօր նաև ոչ իշխանական գործիչների պահվածքը։ Լիդերությունը միտինգում բարձր գոռալը չէ, ապագա կառավարությունում տեղերի բանակցությունը չէ։ Լիդերությունը առաքելություն է և ունակություն։ Միջազգային գործընկերները պետք է արձանագրեն, որ Հայաստանում կան մարդիկ և շրջանակներ, որոնք պատկերացնում են իրավիճակը և խնդիրներն ամբողջությամբ։ Դա պետք է արձանագրի նաև մեր հասարակությունը։

Եվ այստե´ղ է, որ հին ու նորի խնդիր լինել չի կարող։ Իսկապես շատ կարևոր է, որ այն մարդը կամ մարդիկ, որոնք խորությամբ տիրապետում են այս նոր ռիսկերին, գրագետ խոսեն։ Սա կարևոր է թե´ ներսի, թե´ դրսի համար։

Այլընտրանքային նախագծեր խումբ