Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է տնտեսական ու առողջապահական խնդիրների առաջ պահել աշխարհի գրեթե բոլոր երկրներին: COVID-19-ի պատվաստանյութը արդեն պատրաստ է մի շարք երկրներում, այն աշխարհի բնակչության մեծ մասի համար անվճար կլինի: Իսկ նրանք, ովքեր կցանկանան անցնել Եվրամիության տարածք եւ պատվաստվել, պետք է հետեւեն ոչ միայն գնին, այլեւ ներարկման տեխնոլոգիային:

Գերմանիան եւ ԵՄ այլ երկրներ կարող են սկսել իրենց բնակչության անվճար զանգվածային պատվաստումը կորոնավիրուսի դեմ դեկտեմբերի վերջին կամ 2021 թվականի առաջին շաբաթներին՝ պատվաստանյութերի գրանցումից ու դրանց լայնածավալ արտադրության եւ առաքման մեկնարկից անմիջապես հետո: Այս դեպքում, արդեն գարնանը, սկզբում դժվարամատչելի թվացող պատվաստանյութերը, ամենայն հավանականությամբ, լայնորեն հասանելի կլինեն, եւ ցանկության դեպքում, կարող են նաեւ դրանք օգտագործել օտարերկրյա հյուրերն ու զբոսաշրջիկները, որոնք գալիս են Եվրամիություն, օրինակ ՝ Ռուսաստանից:

Լավ նորությունն այս շարքում այն է, որ պատվաստանյութերի համար բարձր գներ չեն լինի, բոլորը մատչելի կլինեն միջին խավի համար: Այսպիսով, ճշգրիտ պատվաստանյութի ընտրության չափանիշը կլինի ոչ այնքան դեղերի գինը, որքան դրանց տեսակը եւ արտադրողը: Եվ, համապատասխանաբար, հաշվի կառնվեն դրանց արդյունավետության ու անվտանգության վերաբերյալ տվյալները:

Առաջին փուլում, ամենայն հավանականությամբ, Եվրամիությունում կգրանցվի երեք պատվաստանյութ, իսկ ԵՄ-ն արդեն ստորագրել է մեծ քանակությամբ գնման պայմանագրեր դրանց արտադրողների հետ: BioNTech- ի եւ Pfizer-ի գերմանա-ամերիկյան կոնսորցիումը խոստացել է մատակարարել մինչև 300 միլիոն դոզա, բրիտանա-շվեդական AstraZeneca կոնցեռնը ՝ Օքսֆորդի համալսարանի գիտնականների գործընկերը, նույնպես պատվիրել է  300 միլիոն դոզա, իսկ Moderna ամերիկյան կորպորացիային կտրամադրվի մինչեւ 160 միլիոն դոզա:

Բացի այդ, կան նախնական պայմանավորվածություններ ձեռքբերման վերաբերյալ ՝ կլինիկական փորձարկումների հաջող անցկացման եւպատվաստանյութի պաշտոնական գրանցման դեպքում՝ գերմանական CureVac ընկերության (405 միլիոն դեղաչափ), ֆրանս-բրիտանական Sanofi / GlaxoSmithKline կոնսորցիումի (մինչև 300 միլիոն դեղաչափ) եւ Johnson & Johnson ամերիկյան կորպորացիայի (մինչև 200 միլիոն դեղաչափ) պատվաստանյութերից:

Այսպիսով, գարնան վերջին կամ ենթադրաբար ամռանը, եվրոպացիները կկարողանան ընտրել առնվազն վեց դեղամիջոց կամ նույնիսկ ավելին, քանի որ, օրինակ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը նույնպես իր Sputnik V անունը կրող պատվաստանյութի համար գրանցվել է ԵՄ-ում:

Եվրամիության բնակչությունը կազմում է շուրջ 450 միլիոն մարդ, ուստի գոյություն ունեցող պատվերներն ու տարբերակները կարող են բավականացնել բոլորին՝ նույնիսկ երկբաղադրիչ պատվաստանյութերի պարագայում: Ավելին, դատելով տարբեր հարցումներից՝ ԵՄ տարածքում ապրող չափահասների միայն կեսից մինչեւ երկու երրորդը կցանկանա պատվաստվել:

COVID-19-ի դեմ պատվաստանյութի արժեքը 5 եվրոյից մինչեւ 74 դոլար է կազմելու:

Արդեն 2021 թվականի առաջին կեսին Եվրամիությունը տարբեր արտադրողների կորոնավիրուսային պատվաստանյութերի բավականին լայն ընտրություն կունենա, սա ենթադրում է, որ պատվաստանյութերի արտադրողների միջեւ մրցակցությունը կօգնի գները իջեցնել: Այնուամենայնիվ, դրանք արդեն բավականին հավասար մակարդակի վրա են գտնվում արեւմտյան երկրների դեղագործական շուկայի համար:

Ներկա պահին ամենաթանկ պատվաստանյութը՝ Moderna կորպորացիայի թողարկածը, այն պատվիրող կառավարությունների համար կարժենա 25-37 դոլար մեկ դեղաչափի համար, այսինքն, կրկնակի պատվաստման դեպքում ամբողջ դեղաչափը կարժենա 50-74 դոլար: BioNTech եւ Pfizer ընկերությունները դեռ ամռանն են պայմանավորվածություն ձեռք բերել ԱՄՆ-ի հետ՝ առաջին խմբաքանակի փոխանցման համար՝ 1 դեղաչափի դիմաց 19,50 դոլար արժեքով: Ինչպես երեւում է համեմատելիս, Եվրամիության համար պատվաստանյութն ավելի մատչելի կլինի՝ 15,50 եվրո (18 դոլար): Պատվաստումն իրականցվելու է երկփուլ, ինչն էլ նշանակում է, որ ամբողջ դեղաչափը կարժենա 1 անձի համար 31 եվրո:

Երկբաղադրիչ CureVac պատվաստանյութի համար ԵՄ-ն պատրաստ է, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, մեկ դեղաչափի համար վճարել 10-ից 12 եվրո: Ռուսական ընկերությունը մտադիր է իր «Sputnik V» — ն արտաքին շուկա մատակարարել 10 դոլարից ցածր գնով, ընդհանուր կուրսի՝ 20 դոլարից պակաս արժեքով: Ըստ լրատվական գործակալությունների, ամենաէժանը կլինի Օքսֆորդի AstraZeneca պատվաստանյութը. Դոզայի մեկ դեղաչափը մտադիր են վաճառել 2,50 եվրոյով, ուստի կրկնակի իմունիզացումը կարժենա 5 եվրո:

Իհարկե, խոսքը առավելապես խոշոր պատվիրատուների մեծածախ գների մասին է, բայց դրանք որոշակի պատկերացում են տալիս այն մասին, թե ի վերջո ինչ կլինի մանրածախ վաճառքի գինը ԵՄ դեղատներում: Համենայնդեպս, ինչպես երեւում է, արժեքներն այնքան էլ մեծ չեն, մանավանդ, եթե հաշվի առնենք կորոնավիրուսով վարակվելու պարագայում տասնյակ տարբեր իմունային, վիտամինային, ջերմիջեցնող, հակաբիոտիկային, հակավիրուսային դեղամիջոցները, որոնք միասին մարդիկ ձեռք են բերում պատվաստանյութի կրկնակի, եռակի արժեքով:

DW-ն գրում է, որ պատվաստանյութի ընտրության համար վճռորոշ դեր է խաղալու ոչ թե արժեքը, այլ ուրիշ գործոններ: Առանցքայինը, թերեւս, լինելու է պատվաստանյութի ստացման տեխնոլոգիան: Հարկ կլինի մտածել ավանդական (AstraZeneca, Спутник V) եւ նորարարական (BioNTech/Pfizer) պատվաստանյութերի միջեւ ընտրություն կատարելու շուրջ, ի դեպ՝ երկրորդ տիպի պատվաստանյութ դեռ երբեւէ կիրառության մեջ չի մտել: Արտադրողները հույսեր են կապում, որ երկրորդ տիպի հակակորոնավիրուսային պատվաստանյութի պահանջարկը մեծ կլինի Եվրամիության եւ Հյուսիսային Ամերիկայի՝ առավել հարուստ եւ զարգացած պետությունների տարածքում: