Մեր այսօրվա հիմնական խնդիրը ապագայի կառուցումն է: Այս մասին իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց դրանից առաջ նախ՝ մենք պետք է վերադարձնենք մեր զոհերի մարմինները, մեր հարգանքի տուրքը մատուցենք նրանց, վերադարձնենք մեր գերիներին, պիտի հայտնաբերենք այն տղաներին, ովքեր հնարավոր է՝ պատսպարված են ռազմական գործողությունների գոտում՝ որեւէ տեղ: Պիտի ապահովենք Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, պիտի ապահովենք արցախցիների վերադարձը, պիտի լուծենք սահմանային ամենահրատապ եւ կնճռոտ հարցերը, որոնց շուրջ հնարավոր է նորանոր աղմուկներ բարձրանան, բայց մենք պիտի անցնենք այդ ճանապարհը: Ամեն ինչի մասին մենք ձեզ մանրամասն կտեղեկացնենք՝ այնքան, որքան հնարավոր կլինի առանց մեր շահերը՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը վնասելու:

Բայց մի բանում վստահ եղեք. մենք ձեզ հետ եւ ձեր առաջ ազնիվ ենք լիովին: Բայց չի նշանակում, որ մենք անթերի ենք: Սա չի նշանակում, որ մենք ճիշտ ենք ամեն ինչի մեջ, սա չի նշանակում, որ մենք չենք սխալվել ու չենք սխալվելու: Բայց մենք ամեն ինչ մեջ ձեզ հետ եւ ձեր առաջ ազնիվ ենք լիովին: Ու մենք կհաղթահարենք այս փորձությունը, միասին կհաղթահարենք: Իմ խոնարհումը մեր բոլոր նահատակների ու նրանց ընտանիքների անդամների առաջ:

Իմ խոնարհումը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների առաջ, Արցախի հպարտ քաղաքացիների առաջ, սփյուռքի հպարտ հայության առաջ:

Մեր հպարտությունը, այո՛, խոցված է, բայց ոչ ոչնչացված, մեր արժանապատվությունը, այո՛, վիրավորված է, բայց ոչ մահացած:

Կեցցե՛ հայ ժողովուրդը»,-եզրափակեց նա։