«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 27-ից մինչ օրս հրապարակային հարցազրույցով հանդես չի եկել: Լրագրողներիս բազմաթիվ փորձերն ու պնդումները, թե խորհրդարանի մեծամասնության ղեկավարը պետք է հաշվետու լինի, ներկայացնի խմբակցության տեսակետն ու դիրքորոշումները, նա անպատասխան է թողել: Այս օրերին Ազգային ժողովի՝ լրագրողների համար անհասանելի, գաղտնի մուտքերից օգտվում են ոչ միայն Ազգային ժողովի նախագահը, այլեւ ԱԺ իշխանական թեւի փոխխոսնակներն ու Մակունցը: Ամեն ինչ անում են, որ լրագրողների շուրջկալում չհայտնվեն ու խուսափեն անցանկալի հարցերից:

«Իրատեսի» մերձիշխանական աղբյուրների համոզմամբ՝ Մակունցի լռությունն ու «փախուստը» պատահական չեն: Իրականում նա այդքան էլ համակարծիք չէ Փաշինյանի քայլերին, եւ ներքին լարումն էլ ավելի չմեծացնելու համար նախընտրում է լռել ու ոչինչ չխոսել: Նոյեմբերի 10-ի՝ կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունից հետո վարչապետի հետ տարբեր հանդիպումների ժամանակ Մակունցն ասել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, արտահերթ ընտրություններ պետք է լինեն, ու եթե իշխանությունը ցանկանում է շարունակել կառավարումը, դա կարող է անել վերարտադրության միջոցով, այսինքն՝ արտահերթ ընտրություների:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ բավական կոշտ դիտարկումներ է անում Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է. «Մխիթարը վարչապետին շատ ուղիղ հարցադրումներ է անում, բացատրություններ պահանջում, պնդում, որ վերջինս հաշվետու լինի կուսակիցներին: Նիկոլին ասում է՝ եկեք ու մեզ ասեք՝ ի՞նչ եք անում կամ ինչու՞ եք այդպես անում, որ մենք էլ մեր անելիքներից տեղյակ լինենք: Հանդիպումներից մեկի ժամանակ, օրինակ, Հայրապետյանը հարց է տվել՝ ինչու՞ է առանց որեւէ մեկի հետ քննարկելու ստորագրել նոյեմբերի 10-ի հայտարարության տակ: Վարչապետից պահանջել է նաեւ ասել, թե հետագա ինչ քայլեր ու հայտարարություններ է պատրաստվում անելու: Հանձնաժողովի նախագահը, ըստ երեւույթին, մտահոգված է՝ պետությանը հարված հասցնող հերթական քայլ չանի՞ հանկարծ Նիկոլը»:

Մեզ ասացին նաեւ, որ «Իմ քայլի» պատգամավորները «լեզու են առել», խմբակցության նիստերի, վարչապետի հետ հանդիպումների ժամանակ հարցեր են բարձրացնում, քննադատաբար վերլուծում իրողությունը, սուր ակնարկներ անում: Եթե նախկինում գլուխները կախ լսում էին «հրամանատարի» ասածներն ու կատարում հրահանգները, այժմ պատասխան պահանջողի դիրքերից են խոսում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում