ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ներում շնորհել Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից, ներկայում ՌԴ-ում ապաստան ստացած Էդվարդ Սնոուդենին, ինչպես նաև գաղտնի նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks  կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին:

Կոնգրեսականը Twitter-ի իր միկրոբլոգում Թրամփին առաջարկել է ուսումնասիրել ներում շնորհելու հավանականությունն այն մարդկանց նկատմամբ, որոնք ահռելի անձնական զոհողությունների գնով բացահայտել են խոր ընդհատակում գտնվողների սուտն ու հանցանքները: Խոր ընդհատակի ասելով՝ օրենսդիրը նկատի է ունեցել պետական ապարատում ենթադրյալ ստվերային կառույցները, որոնք ազդում են երկրի քաղաքականության վրա:

Գաբարդի կարծիքով՝ պետք է պաշտպանել այն անվախ տեղեկատուներին, որոնք բացահայտում են ամերիկյան կառավարությունում սուտն ու հանցագործությունները:

Հիշեցնենք, որ Սնոուդենը 2013թ. հանրայնացրել էր ամերիկյան հատուկ ծառայությունների՝ էլեկտրոնային լրտեսման մեթոդները, ինչպես նաև օտարերկրյա ղեկավարների բանակցությունների գաղտնալսման մասին տեղեկությունները: ԱՄՆ իշխանությունների հետապնդումներից վախենալով՝ նա ապաստան է խնդրել ՌԴ-ից: ԱՄՆ իշխանությունները նրան համարում են դավաճան, քանի որ Սնոուդենի սկանդալային բացահայտումները լուրջ վնաս են հասցրել երկրի ազգային անվտանգության շահերին:

Ինչ վերաբերում է Ասանժին, ապա նա ներկայում բանտարկված է և գտնվում է Մեծ Բրիտանիայում: ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրան մեղադրում է  մի շարք հանցագործությունների համար, որոնք կապված են ԱՄՆ պատմության մեջ գաղտնի տեղեկության բացահայտման խոշորագույն դեպքի հետ: ԱՄՆ-ում նրան սպառնում է ընդհանուր 175 տարվա ազատազրկում: