Առ այսօր տարբեր տեղերից ավելի քան 400 մարմին է փոխանցվել հայկական կողմին: Ավելի կոնկրետ՝ բոլորը չեն փոխանցվել. դրանց մի մասը մեր փրկարար ծառայությունը, Կարմիր խաչը և ռուսական խաղաղապահներն են գտել մարտադաշտերում, տեսակապով քննարկման ժամանակ ասաց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Մենք էլ, բնականաբար, ադրբեջանական դիակներ ենք փոխանցել նրանց: Բայց քանի որ մարտական գործողոթյունները տեղի են ունեցել գլխավորապես ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, պարզ է, որ իրենց վերահսկողության ներքո ավելի շատ հայկական դիակներ կան, քան մեր վերահսկողության ներքո՝ ադրբեջանական դիակներ», — նշեց Բեգլարյանը:

ՄԻՊ-ը շեշտեց՝ ինքը տեղեկություններ ունի, որ ադրբեջանական կողմը տարբեր տեղերից հավաքել և պահում է հայկական դիակներ՝ անընդհատ ժամանակ ձգելով:

«Ինչո՞ւ է Ադրբեջանը ժամանակ ձգում. Նրանք նպատակ ունեն լրացուցիչ կերպով ազդել ներհայաստանյան լարվածության վրա և խորացնել հոգեբանական տառապանքր: Նաև այդ պատճառով է, որ նրանք առ այսօր շարունակում են գերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութերի տարածումը», — նշեց Արցախի ՄԻՊ-ը՝ հավելելով, որ հայկական կողմը պետք է կատարի առավելագույնը՝ գտնելու անհայտ կորածներին և հետ բերելու հայ զինծառայողների դիակները: