ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացը, և չնայած դեմոկրատ Ջո Բայդենը հայտնել է իր հաղթանակի մասին, գործող նախագահ Դոնալդ Թրամփը վիճարկում է այդ հայտարարությունը, գրում է հունական Ekathimerini թերթը։

Հոդվածագիր Յան Բրեմմերը կարծում է, որ Չինաստանն այս օրերին չեզոք դիրք կգրավի՝ գիտակցելով, որ հակաչինական տրամադրությունն այն եզակի հարցերից է, որը միավորում է ԱՄՆ-ի շատ քաղաքական գործիչների, սակայն որոշ չինացի քաղաքական գործիչներ հույս ունեն, որ Պեկինը կկարողանա ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել Ջո Բայդենի հետ:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա հաշվի առնելով Թրամփի նախագահության տարիներին Իրանի և ԱՄՆ-ի լարված հարաբերությունները, այդ պետությունն իր նախապատվությունը տվել է Բայդենին, գրում է հոդվածագիրը՝ այնուամենայնիվ ընդգծելով, որ ոչ մի երաշխիք չկա, որ Բայդենի վարչակազմի օրոք երկու երկրների հարաբերությունները կարող են կարգավորվել։

Հոդվածագիրը նշում է, որ Բայդենի հաղթանակը ոչ շահեկան կարող է լինել Թուրքիայի համար։

«Մինչ այդ երկրի տնտեսությունը շարունակում է վատթարանալ, ինչի մասին վկայում է Կենտրոնական բանկի ղեկավարի և ֆինանսների նախարարի վերջին ելույթը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնալով ավելի ագրեսիվ է դառնում արտասահմանում, այդ թվում՝ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում և Կովկասում, էլ չենք խոսում Սիրիայում և Լիբիայում Թուրքիայի վաղեմի միջամտության մասին: Այս բոլոր քայլերը վաղուց նյարդայնացնում են Եվրոպական միությանը»,- գրում է Բրեմմերը։

Նրա կարծիքով՝ հավանական է, որ Բայդենը ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի Թուրքիայի նկատմամբ: Այս հեռանկարը կարող է «կարճաժամկետ հեռանկարում Էրդողանին ավելի հուսահատ և աչալուրջ  դարձնել»։